25 հունիսի 2011 - 14:01 AMT
Հայ կոմպոզիտորական արվեստի աշնանային փառատոնին կմասնակցեն բացառապես երիտասարդ կոմպոզիտորներ

Հայ կոմպոզիտորական արվեստի աշնանային փառատոնին այս տարի կմասնակցեն միայն հայ երիտասարդ կոմպոզիտորներ, մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը: Ըստ նրա, փառատոնին կներկայացվեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի «Կոմպոզիցիա» անվանակարգի մասնակիցների ստեղծագործությունները, ինչպես նաև Կոմպոզիտորների միության երիտասարդ անդամների աշխատանքները: Ամիրխանյանը ասուլիսի ժամանակ նշեց, որ հայ երիտասարդ կոմպոզիտորները ուշադրության կարիք ունեն և անհրաժեշտ համարեց նրանց ստեղծագործությունները հայ հանդիսատեսին լսելի դարձնել:

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Փառատոնը անց է կացվում երկրորդ անգամ, յուրաքանչյուր գարնանն ու աշնանը, և կայանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այս տարի փառատոնը բացվեց մայիսի 17-ին և ավարտվեց հունիսի 24-ին: