Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը ճանաչել է հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը (ՈՒՄՎ) Փարիզում տեղի ունեցած տարեկան նիստում միաձայն ընդունել է «Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ» բանաձևը: Բանաձևում, մասնավորապես, ասվում է. «Մենք, Փարիզում հունիսի 21-24 կայացած ՈՒՄՎ նիստի մասնակիցներս, կոչ ենք անում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի անդամ երկրներին և միջազգային հանրությանը դատապարտել Օսմանյան կայսրությունում հայերի, հույների ու ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը և դիմում ենք Թուրքիային՝ հորդորելով գիտակցել և ընդունել իր պատասխանատվությունը հանուն պատմական արդարության վերականգնման»:

Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց ՈՒՄՎ հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, կազմակերպության անդամ բոլոր 28 երկրները, այդ թվում Ալբանիան, Սաուդյան Արաբիան, Լիբանանը, Սիրիան կողմ են արտահայտվել բանաձևի ընդունմանը: «Քաղաքակիրթ աշխարհը պետք է քաղաքական գնահատական տա Հայոց ցեղասպանությանն ու ճնշում գործադրի Թուրքիայի հանդեպ, որպեսզի վերջինս ճանաչի այդ փաստը»,-ասել է ՈՒՄՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը: Մինասյանը հայտարարել է, որ ՈՒՄՎ բոլոր 28 երկրների ներկայացուցիչները կներկայացնեն այդ բանաձևը իրենց երկրների խորհրդարանների քննարկմանը:

Իր հերթին հայկական պատվիրակության անդամ, պատգամավոր Ռուզան Առաքելյանը հավելել է, որ բանաձևի ընդունումն այնպիսի կարևոր կառույցի կողմից, ինչպիսին ՈՒՄՎ-ն է, հաղթանակ է և պատվիրակության բազմամյա աշխատանքի արդյունք:

Եվրախորհրդարանից և Եվրոպայի խորհրդից հետո Ուղղափառության միջազգային վեհաժողովը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երրորդ միջազգային կազմակերպությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---