ԱՊՀ գլխավոր դատախազները Բաքվին կոչ են անում օգնել Ադրբեջանում Մանվել Սարիբեկյանի սպանության բացահայտմանը

PanARMENIAN.Net - ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհուրդն Ադրբեջանի դատախազությանն առաջարկել է քննարկել ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի` 2010 թվականի հոկտեմբերին Բաքվում սպանվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Հայաստանի գլխավոր դատախազության իրավական փոխօգնության հարցումը և արդյունքների մասին հայտնել Համակարգող Խորհրդին և ՀՀ գլխավոր դատախազությանը:

Քննության օբյեկտիվությունը և բազմակողմանիությունը ապահովելու համար ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2010թ. դեկտեմբերի 14-ի գրությամբ դիմել է Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Զակիր Գարալովին` խնդրելով հայտնել, թե արդյոք Ադրբեջանի քննչական մարմինների կողմից կատարվում է քննություն Մանվել Սարիբեկյանի բռնի մահվան դեպքի առթիվ, և եթե այո, ապա ուղարկել քրեական գործը կամ քրեական գործի նյութերը: ՀՀ Գլխավոր դատախազությունը երաշխավորել է նաև, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից ստացված նյութերը կամ փաստաթղթերը օգտագործվելու են միայն քննության նպատակներով:

Ադրբեջանի դատախազությունը չի արձագանքել ՀՀ գլխավոր դատախազության գրավոր հարցմանը, ուստի Հայաստանի գլխավոր դատախազը 2011 թվականի ապրիլի 5-ին նամակով դիմել էր նաև ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային` խնդրելով աջակցել գրության պատասխան ստանալուն:

Հիշեցնենք, որ 2010թ. նոյեմբերի 4-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան է վերադարձվել 2010թ. հոկտեմբերին Բաքու քաղաքում սպանված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մանվել Մամիկոնի Սարիբեկյանի դիակը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ճամբարակի քննչական բաժնում 2010թ. նոյեմբերի 5-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 5-րդ և 13-րդ կետերով (առանձին դաժանությամբ և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներով կատարված սպանություն): Սույն քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությանը:

-ԱՊ-

ԱՊՀ գլխավոր դատախազները Բաքվին կոչ են անում օգնել Ադրբեջանում Մանվել Սարիբեկյանի սպանության բացահայտմանը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---