Ռուսաստանյան փորձագետը 2012 թվականին կոնկրետ արդյունքների է սպասում Ղարաբաղի վերաբերյալ

Ռուսաստանյան փորձագետը 2012 թվականին կոնկրետ արդյունքների է սպասում Ղարաբաղի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Նախագահների կազանյան հանդիպումը պետք է դիտարկվի ոչ թե որպես բանակցային գործընթացի ավարտական փուլ, այլ միայն հերթական: Այդ մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Վեստնիկ Կավկազա» տեղեկատվա-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վլասովը: Նրա խոսքով, Ռուսաստանը դուրս չի գա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացից, քանի որ ինքն էլ շահագրգռված է Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում:

«Ըստ իս, Ադրբեջանն ու Հայաստանը չեն կարող պայմանավորվել Մադրիդյան սկզբունքների կատարման հաջորդականության մասին, սակայն ես կարծում եմ, որ 2012 թվականին բանակցային գործընթացը կոնկրետ արդյունքների կհանգեցնի»,- ասել է Վլասովը:

Հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին, որում առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---