Մեդվեդևը և Օբաման քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը հեռախոսազրույցում

Մեդվեդևը և Օբաման քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը հեռախոսազրույցում

PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համակարգման հարցերը, ինչը կնպաստի տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծմանը:

Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներ, Դմիտրի Մեդվեդևն ու Բարաք Օբաման կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան կարգավորման մասին: Ինչպես հայտնում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը, ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել իր ռուս պաշտոնակցի քայլերն այդ ուղղությամբ, մասնավորապես, վերջերս Կազանում կայացած Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպման շրջանակներում: Ընդ որում, երկու կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս համակարգված քայլեր ձեռնարկել նպաստելու համար Բաքվին և Երևանին խաղաղ կարգավորման հարցում:

ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---