Մարքեթինգի գուրու Ֆիլիպ Կոտլերը նոյեմբերի 9-ին կայցելի Հայաստան

Մարքեթինգի գուրու Ֆիլիպ Կոտլերը նոյեմբերի 9-ին կայցելի Հայաստան

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ նոյեմբերի 9-ին Հայաստան է այցելելու մարքեթինգի գուրու Ֆիլիպ Կոտլերը: Այդ մասին հուլիսի 14-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը: Նրա խոսքով, վարչապետի հանձնարարականով նախարարությունն իրագործում է հայեցակարգ` ուղղված արտահանման խթանմանը, իսկ հայ արտադրողների հետ բազմաթիվ հանդիպումները ցույց են տվել, որ բիզնեսի հիմնական խնդիրներից է թույլ մարքեթինգը և մենեջմենթը: Մինասյանը նաև հավելել է, որ օգտվելով այդ առիթից` Հայաստան են այցելելու 500 մասնագետներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Իրանից, Վրաստանից, Ղազախստանից, Լեհաստանից, Ավստրիայից և այլ երկրներից: «Աշնանը Հայաստանը կվերածվի մարքեթինգի միջազգային կենտրոնի»,- ասել է նա:

Իր հերթին «Կոտլեր Իմփեքթ» ընկերության ղեկավար Ֆահիմ Կիբրիանը հավելել է, որ Ֆիլիպ Կոտլերը նախըտրել է առաջին հերթին այցելել Հայաստան, իսկ հետո` Ռուսաստան, որից հետո ուղևորվելու է Բանգլադեշ, որտեղ նա կիսվելու է մարքեթինգի ոլորտում ունեցած փորձով: Նա արդեն օգնել է Չինաստանին առաջ անցնել ԱՄՆ-ից տնտեսական աճի տեմպերով:

Ինչպես հաղորդել է Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը, մեծ մասնագետի ժամանմանը հայ հասարակությանը պատրաստելու համար սեպտեմբերից սկսած կազմակերպվելու են բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում` տարբեր հեռուստաալիքներով թոկ-շոուներ առավել հրատապ խնդիրները բացահայտելու և քննարկելու համար:

Ֆիլիպ Կոտլերն ԱՄՆ Հյուսիս-արևմտյան համալսարանիn կից Ջ. Կելոգի մենեջմենթի բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի պրոֆեսոր է: Մարքեթինգի և մենեջմենթի բազմաթիվ գրքերի հեղինակ է: Նրա «Մարքեթինգի հիմունքեր» գիրքը վերահրատարակվել է 9 անգամ և մարքեթինգի յուրահատուկ «Աստվածաշունչ» է:

4  14.07.11 - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կարինե Մինասյանի և «Կոտլեր Իմփեքթ» ընկերության ղեկավար Ֆահիմ Կիբրիանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---