Քննարկվել է կենսաթոշակների վճարման գործընթացում չարաշահումների առիթով հարուցված քրեական գործերի ընթացքը

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործերով նախաքննության ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, ՀՀ ոստիկանության ապետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Արմեն Նիկողոսյանը, նշված քրեական գործով նախաքննություն իրականացնող քննիչները, քննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները:

Նկատի ունենալով գործի ծավալներն ու առանձնահատկությունը ՀՀ գլխավոր դատախազը կարևորեց նախաքննության կազմակերպական հարցերի պատշաճ կարգավորումը, ինչը կարող է էական նշանակության ունենալ նաև քննության արդյունքների համար: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ձևավորվել է օպերատիվ- քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են ինչպես օպերատիվ աշխատակիցներ, այնպես էլ հատկապես կարևոր գործերի քննիչներ, որն էլ իրականացնում է նախաքննությունը: Գ.Համբարձումյանը տեղեկացրեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության մարզային բաժիններում կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության օրերս հարուցած քրեական գործը կմիացվի մինչ այդ հարուցված քրեական գործին, որը վերաբերում էր մայրաքաղաքում արձանագրված չարաշահումներին և քննությունը կիրականացվի մեկ վարույթում: Չարաշահումները քննչական խմբի կողմից դասակարգվել են ըստ տեսակների: ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարեց քննչական խմբի շրջանակներում ձևավորվել ենթախմբեր՝ ըստ չարաշահումների տեսակների՝ ապահովելու համար առավել մասնագիտացված և օպերատիվ քննության իրականացումը՝ ներառելով նաև մարզերին: Միաժամանակ կարևորեց նաև քննչական խմբի շրջանակներում շտաբի ստեղծումը, որը կզբաղվի առավելապես փաստաթղթաշրջանառությամբ, նախաքննության տեխնիկական բնույթի հարցերի կազմակերպմամբ, վերլուծություններով և ամփոփումներով: Նկատի ունենալով քրեական գործի առանձնահատկությունները՝ քննչական խմբում ընդգրկվել են նաև մասնագետներ՝ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունից, ՀՀ վերահսկիչ պալատից, ինչպես նաև համակարգչային ծրագրավորման նեղ մասնագիտական գիտելիքներ ունեցող: Իսկ նախաքննության օրինականություն նկատմամբ հսկողություն ու դատավարական ղեկավարումն իրականացնելու համար Ա.Հովսեփյանը ցուցում տվեց ձևավորել դատախազական խումբ՝ նույնպես ընդգրկելով տարածքային ստորաբաժանումների դատախազներին, ինչը հնարավորություն կտա տեղերում ապահովել դատախազական հսկողությունը մարզերում իրականացվող քննչական գործողությունների նկատմամբ, իսկ աշխատանքները կղեկավարի ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը: ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձավ նաև քրեական գործով նշանակվող փորձաքննություններին և հանձնարարեց հետամուտ լինել, որ դրանց ժամկետները լինեն ողջամիտ, առանց արհեստական ձգձգումների, ցուցաբերել հետևողականություն՝ չարաշահումներ թույլ տված յուրաքանչյուր անձի գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու հարցում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---