ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեն ընդունել է ուղղումները, որոնք պարտադրում են Թուրքիային վերադարձնել եկեղեցիները

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեն ընդունել է ուղղումները, որոնք պարտադրում են Թուրքիային վերադարձնել եկեղեցիները

PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեն 43 «կողմ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է ԱՄՆ ԱԳՆ-ին հատկացվող ֆինանսական միջոցների մասին օրինագծում ուղղումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը, որտեղ կարող են ներառվել նաև 306 բանաձևին համահունչ ձևակերպումներ, որոնց հեղինակներն են կոնգրեսականներ Հովարդ Բերմանն ու Էդ Ռոյսը:

Կոնգրեսական, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Հովարդ Բերմանը կոնգրեսական Էդ Ռոյսի հետ համատեղ ներկայացրել է թիվ 306 բանաձևը «Եկեղեցիները վերադարձնելու մասին», որով կոչ է արվում Թուրքիային դադարեցնել քրիստոնյա բնակչության հանդեպ խտրականությունը: Բանաձևին սատարում է 31 կոնգրեսական: Հովարդ Բերմանը նաև Հայոց ցեղասպանության մասին թիվ 304 բանաձևի կողմնակից է, որն օրերս նույնպես ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ:

Բանաձևում նախաձեռնողները կոչ են անում Թուրքիային կատարել միջազգային պարտավորությունները և վերջ տալ կրոնական հետապնդման բոլոր ձևերին, պաշտպանել մարդու իրավունքները և քրիստոնյաների կրոնական ազատությունները: Տվյալ բանաձևի հեղինակները նաև կոչ են անում Անկարային օրինական ճանապարհով վերադարձնել բռնագրավված հայկական, հունական, ասորական, և այլ քրիստոնեական եկեղեցիները:

«Կրոնական հողի վրա կատարվող բռնությունների ու հանցագործությունների հետ կապված իրավիճակը Թուրքիայում վատթարացել է»,-ասել է Ռոյսը՝ նշելով, որ բանաձևը կոչ է անում Թուրքիային պաշտպանել խոցելի կրոնական փոքրամասնություններին: «Նրանք պետք է հնարավորություն ունենան ազատ դավանել իրենց կրոնը՝ չվախենալով հետապնդումներից ու բռնությունից: Թուրքիայից մենք ակնկալում ենք պարտավորությունների կատարում»,-ասել է նա:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) հուլիսի 19-ին մեկնարկել է Հեռաձայնիր այսօր՝ Call TODAY ակցիան, նպատակ ունենալով հորդորել կոնգրեսականներին ճնշում գործադրել Թուրքիայի հանդեպ, որպեսզի վերջինս վերադարձնի քրիստոնեական եկեղեցիներն իրենց տերերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---