21 հուլիսի 2011 - 16:18 AMT
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը համոզված է, որ հայ-թուրքական սահմանը վաղ թե ուշ կբացվի

Թուրքիայի արևելյան սահմանը Հայաստանի հետ, վերջին հաշվով, բաց է լինելու սահմանային փոխադրումների համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ընթացքում:

«Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը համոզված է, որ հայ-թուրքական սահմանը վաղ թե ուշ բացվելու է, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ Թուրքիա և այցելել մեր պատմական վայրերը»,- ասել է Հայաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանն Անկարայում Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո:

Իր հերթին «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամի ներկայացուցիչ Միքայել Հովհաննիսյանը հաղորդել է, որ հանդիպման ընթացքում հայկական ՀԿ-ների ներկայացուցիչները հարցրել են Դավութօղլուին, թե երբ է վերականգնվելու հայ-թուրքական գործընթացը, սակայն կոնկրետ պատասխան չեն ստացել: «Թուրքական կողմը չի նշել ստույգ ժամկետներ, սակայն հավաստիացրել է, որ դրա համար ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասել է նա:

Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, հայկական պատվիրակության անդամները հաղորդել են ԱԳՆ ղեկավարին, որ Հայաստանի հասարակությունը և միջազգային հանրությունը սպասում են Թուրքիայի գործողություններին այդ գործընթացը տեղաշարժելու համար: Ինչպես ասել է Ղազարյանը, հայկական կողմն ասել է, որ գնդակը թուրքական դաշտում է, և որ Երևանը սպասում է Անկարայի հաջորդ քայլին:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն ասել է, որ առաջին հերթին նա տպավորված է եղել նրանով, թե որքան երկար ժամանակ է տրամադրվել քննարկումների համար, ինչպես նաև Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի անկեղծությամբ:

Հանդիպման ընթացքում շոշափվել է նաև Հայոց ցեղասպանության հարցը: Հայկական կողմը նշել է, որ այսօր Թուրքիայում ավելի շատ մարդիկ պատկերացում ունեն Հայոց ցեղասպանության մասին, քան մի քանի տարի առաջ: Ինչպես նշել է Կիրակոսյանը, չնայած փակ պետական սահմանին, երկու հարևան երկրների միջև հոգաբենական սահմանը բաց է, որի հետ Դավութօղլուն համաձայնվել է: