Իրանի հայկական հուշարձանները պետական հոգածության տակ են

Իրանի հայկական հուշարձանները պետական հոգածության տակ են

PanARMENIAN.Net - Իրանի տարածքում գտնվող հայկական պատմական հուշարձաները գտնվում են պետական հոգածության ներքո: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Ըստ նրա, հայկական գերեզմանոցներում կան գանձագողության դեպքեր, սակայն դրանց թիվը փոքր է: Հուշարձանները, ըստ նրա, գտնվում են պատշաճ վիճակում, պահպանվում են պետության կողմից, գերեզմանոցներն ու եկեղեցիները ցանկապատվել են, որպեսզի անասունները չմտնեն տարածք, սակայն դռները բանալիով կողպված չեն և բոլոր ցանկացողները կարող են այցելել այդ հուշարձանները: Կարապետյանը գովելի համարեց նաև այն, որ իրանցի վերականգնողները խուսափում են բետոնից և հուշարձանները վերականգնում են բացառապես կրով:

Ամենաուշագրավ պատմությունը եղել է Իրանի Ղարադաղի նախկին հայկական գյուղում: 1907թ-ին հայերի կողմից կառուցած մեծ ապարանքի ներկայիս սեփականատերը ցանկացել է ժամանակակից լուսամուտներով փոխարինել հները, սակայն հուշարձանների պահպանությամբ զբաղվող հաստատությունները կասեցրել են այդ աշխատանքները:

Կարապետյանը նաև հավելեց, որ ներկայումս նորոգվում է Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքը, որը գտնվում է Նախիջևանի սահմանի մոտ: Իրանի իշխանությունները հրավիրել են հայ մասնագետների, ովքեր այս օրերին կատարում են այդ աշխատանքները:

Իրանում արշավախումբը հանդիպել է նաև ֆիդայական պանթեոնի, որտեղ ամփոփված են 9 գլխատված ֆիդայիների մարմինները, որոնք դժվարությամբ կարողացել է ամփոփել Խաչիկ վարդապետ Դադյանը: Կան նաև բազմաթիվ ամրոցներ:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աշխատակազմը հուշարձանագետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ հունիսի 10-ից հուլիսի 10-ը եղել են ներկայիս Իրանի Իսլամական Հանրապետության մեջ ընդգրկված պատմական հայկական գավառներում և կատարել հայկական հուշարձանների որոշ ուսումնասիրություններ: Նրանք եղել են Ղարադաղ (Պարսպատունիք), Մակու (Արտաս), Խոյ (Հեր) և Սալմաստ (Զարևանդ) գավառներում: Ժամանակի սղության պատճառով ուսումնասիրություններ չեն կատարել Ուրմիա գավառում:

Կարապետյանի խոսքով, նշված տարածքներում հուշարձանների քանակը նույնն է, ինչ ներկայիս Հայաստանի մարզերում: Ընդհանուր թվով կատարվել են 6000 լուսանկարներ և արձանագրվել է շուրջ 4500 հուշարձան: Կարապետյանի խոսքով, դա երևի հուշարձանների միայն մեկ երրորդն է և մինչև 2013թ. ուսումնասիրությունները կշարունակվեն: Կհրատարակվեն նաև ուսումնասիրությունների արդյունքները:

3  25.07.11 - Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---