ՏՄՊՊՀ-ն վերահսկողության տակ է վերցրել Արմավիրի մարզի առևտրի կետերը

PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի աշխատանքային խումբը այցելեց Արմավիրի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում առկա մրցակցային խնդիրներին և օրենքի հնարավոր խախտումներին ընդհանրապես:

Հանձնաժողովը հաճախ է դժգոհություններ ստանում մարզերի բնակիչներից՝ կապված վաճառվող ապրանքների ոչ պատշաճ ներկայացման, մրցակցային խնդիրների, գների և օրենքի տարբեր խախտումների հետ:

Հանձնաժողովի փորձագետները Արմավիր քաղաքի խոշոր առևտրի կետերում իրականացրեցին ուսումնասիրություն՝ պարզելու, թե որքանով են վաճառվող ապրանքները համապատասխանում օրենքի պահանջներին: Ուշադրության կենտրոնում էր հատկապես առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների շուկան: Արդյունքում պարզվեց, որ առանց արտադրության տարեթվի, պահպանման ժամկետի, հայերեն մակնշման և արտադրողի վերաբերյալ տեղեկատվության, խանութներում վաճառվում էին մի շարք պարենային և սպառողական ապրանքներ, մասնավորապես սառեցված հավ, նրբերշիկ, թխվածքաբլիթներ, խմորեղեն, մակարոնեղեն և այլն: Հանձնաժողովը հսկիչ գնման միջոցով ձեռք բերեց վերոնշյալ բոլոր ապրանքատեսակները: Փաստերի հետ կապված կկատարվեն վերլուծություններ, իսկ արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը:

Համաձայն օրենքի, տնտեսվարողի ցանկացած վարքագիծ, որը կարող է մոլորեցնել հասարակությանը նրա առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Մոլորեցում է համարվում որակի, քանակի կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, ապրանքի արտադրության կամ պահպանման ժամկետի, արտադրողի կամ ներկրողի անվան, հասցեի կամ օրենսդրությամբ նախատեսված պարտադիր այլ նշումների բացակայությունը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության:

Հանձնաժողովի այս գործելաոճը կլինի շարունակական, ուսումնասիրություններ կկատարվեն նաև այլ մարզերում: Նման այցերը հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու մրցակցային դաշտում առկա խնդիրներին և համապատասխան միջոցներ ձեռնարկելու՝ դրանց լուծման ուղղությամբ, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---