Հայաստանի վարչապետը Արցախում այցելել է Ասկերանի շրջանի փայտավերամշակաման գործարան

Հայաստանի վարչապետը Արցախում այցելել է Ասկերանի շրջանի փայտավերամշակաման գործարան

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, օգոստոսի 1-ին այցելել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի փայտավերամշակաման գործարան` բրիկետների արտադրամաս, որտեղ կազմակերպվում է բիովառելիքի արտադրություն:

Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, անդարադառնալով այս ծրագրին` կառավարության ղեկավարը նշել է. «Լեռնային Ղարաբաղի տնտեսական համակարգը ձեռք է բերում կայունություն, որովհետև տարբեր իրավիճակներում տնտեսական համակարգը պետք է կարողանա ապահովել իր կայուն զարգացումը: Այդ տեսակետից այս ծրագիրը ես համարում եմ խիստ հեռանկարային, առաջին հերթին ազգային անվտանգության տեսակետից: Երկրորդ` այս ծրագիրն ունի մուլտիպլիկատիվ ազդեցություն, որովհետև նպաստում է տնտեսական զարգացմանը, տեղական հումքի օգտագործմանը, ստեղծում նոր աշխատատեղեր: Բացի այդ, ծրագիրը նպաստելու է, որպեսզի անտառային տնտեսությունն արդյունավետ ձևով կառավարվի, և այդ տեսակետից էլ կարծում եմ, որ այն ճիշտ ընտրված ծրագիր է: Երրորդ` այն ունի ակնհայտ տնտեսական ազդեցություն, որովհետև էներգետիկայի ոլորտում ծախսատարությունը կնվազի առնվազն 30 տոկոսով, ինչը նշանակում է, որ արտադրողականությունը և արդյունավետությունը կարող են աճել, որի արդյունքում, բնականաբար, կունենանք նաև բյուջետային լուրջ ազդեցություն: Այս բոլոր երեք համադրումներն իրար հետ թույլ է տալիս մեզ գնահատել, որ այս ծրագիրն արդյունավետ և կարևոր է Լեռնային Ղարաբաղի համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Ըստ նրա` Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ամենակարևոր խնդիրներից մեկը` գյուղատնտեսության զարգացման ճիշտ մոդելի ընտրության և այդ համատեքստում` նաև անասնապահության զարգացման հարցը: «Մենք ներկայացրել ենք այն փորձը, որ այսօր Հայաստանում առկա է: Մասնավորապես, Համաշխարհային բանկի հետ 55 համայնքներում անասնապահական ծրագրեր ենք իրականացնում, ներդրվում են արոտավայրերի արդյունավետ կառավարման սխեմաներ, և այդ փորձը, կարծում եմ, կարող է հետաքրքրիր լինել ԼՂ-ի համար: Մյուս կողմից` մեզ համար ևս չափազանց կարևոր է ԼՂ-ի փորձը, մասնավորապես, գյուղտեխնիկայի համալրման և շահագործման առումով»,- ասել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով ԼՂ-ի տնտեսական իրավիճակին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսօր առկա ցուցանիշները հույս են ներշնչում, որ մոտակա տարիների ընթացքում Արցախի տնտեսությունն ունենալու է կայուն զարգացման տեմպեր: «Նախորդ տարիների ընթացքում էլ արձանագրված աճի տեմպերը բավական տպավորիչ են: Կուտակված պոտենցիալը ևս ցույց է տալիս, որ կայուն զարգացում է լինելու տնտեսական համակարգում և՛ այս, և՛ ապագա երեք տարիների ընթացքում»,- ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---