Սասունյան. Էրդողանը, ներողություն պահանջելով միանգամից 3 երկրների ղեկավարներից, պարտվում է 3:0 հաշվով

Սասունյան. Էրդողանը, ներողություն պահանջելով միանգամից 3 երկրների ղեկավարներից, պարտվում է 3:0 հաշվով

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարտվում է 3:0 հաշվով` ներողություն պահանջելով Իսրայելի, Գերմանիայի և Հայաստանի ղեկավարներից։ Այդ մասին ասվում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածում: Սասունյանն ընդգծել է, որ նախքան նման անտրամաբանական պահանջ ներկայացնելը, Թուրքիայի ղեկավարները պետք է առաջինը ներողություն խնդրեին Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի ոճիրի համար և վերադարձնեին հայկական բոլոր գրավված տարածքները: Նա հեգնանքով հավելել է, որ հայերը պետք է շնորհակալ լինեն վարչապետ Էրդողանին իր հիստերիկ և սուր արձագանքի համար, որը օգնեց հրավիրել միջազգային մամուլի և համաշխարհային հանրության ուշադրությունը հայկական տարածքային պահանջների վրա։

Թուրքիայի վարչապետի «դժգոհությունն» առաջ է բերել Հայաստանի նախագահի պատասխանը հայ դպրոցականի հարցին այն մասին, թե արդյոք հայերին սպասում է ապագա, որը կվերադարձնի նրանց Արևմտյան Հայաստանը Արարատի հետ միասին։ Այս հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, և մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում և ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որը փյունիկի պես միշտ հառնում է»:

Վերջերս Էրդողանն Իսրայելից պահանջել է ներողություն հայցել անցյալ տարվա մայիսին «Ազատության նավատորմ» միջազգային ծովային հումանիտար նավի վրա հարձակման համար, որի արդյունքում ութ Թուրքիայի քաղաքացի և մեկ թուրքական ծագումով ԱՄՆ քաղաքացի էր զոհվել: Հակառակ դեպքում Էրդողանը սպառնում է այցելել Գազայի սեկտոր: Իսրայելում դեռ չեն որոշել` հայցել ներողություն Թուրքիայից, թե ոչ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---