Թուրքիայի Գլխավոր շտաբի նոր պետ է դարձել երկրի նախկին գլխավոր ժանդարմը

Թուրքիայի Գլխավոր շտաբի նոր պետ է դարձել երկրի նախկին գլխավոր ժանդարմը

PanARMENIAN.Net - Թուրքիայում նշանակվել են Գլխավոր շտաբի նոր պետը, ինչպես նաև բանակի, ավիացիայի և ռազմածովային նավատորմի հրամանատարները: Թուրքիայի բանակի` ՆԱՏՕ-ի երկրներից քանակությամբ երկրորդ բանակի Գլխավոր շտաբի նոր պետ է դարձել գեներալ Նեջդեթ Օզելը, որն ավելի վաղ գլխավորում էր երկրի ժանդարմերիան:

Օգոստոսի 3-ին ավարտվել է Թուրքիայի Ռազմական գերագույն խորհրդի նիստը, որը մեկնարկել էր օգոստոսի 1-ին: Նիստում քննարկվել են նոր նշանակումները Զինված ուժերի ամենաբարձր պաշտոններում, մասնավորապես Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի, ՌՕՈԻ, ՌԾՈՒ, Ցամաքային զորքերի հրամանատարների անունները:

Հուլիսի 29-ին Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իշիք Քոշաները հրաժարական է տվել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած առանձնազրույցից հետո: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Էրդողանը ցանկացել է, որպեսզի Քոշաներն անցնի թոշակի: Քոշաներն էլ իր հերթին հրաժարական է տվել, նրան հետևել են ցամաքային ուժերի, ՌՕՈՒ և ՌԾՈՒ գլխավոր հրամանատարները:

Ինչպես ավելի ուշ հայտնել է թուրք քաղաքագետ Իսմայիլ Յաշան, Իշիք Քոշաների հրաժարականը Թուրքիայի իշխանությունների պլանավորված քայլն է հնարավոր քաղաքական ճգնաժամից խուսափելու համար: «Թուրքական բանակի վերնախավի ներակայացուցիչները վերջին ժամանակները շատ սխալներ են թույլ տվել, մասնավորապես միջամտել են երկրում իշխանությունը տապալելու գործի հետաքննությանը»,- ասել է Յաշան:

Յաշան նաև հաղորդում է, որ Քոշաների հրաժարականից հետո իշխող ԱԶԿ դիրքերը միայն կամրապնդվեն: «Բանակի և կառավարության տարաձայնությունները «Մահակ» պլանից հետո կարող էին երկրում քաոս առաջացնել: Քոշաների հրաժարականից հետո ԱԶԿ դիրքերը կամրապնդվեն և կվերանա քաոսի վտանգը»,- կարծում է վերլուծաբանը:

«Taraf» իշխանամետ թերթի ենթադրությունների համաձայն, 2010 թվականին Թուրքիայի Զինված ուժերը երկրի կառավարությունը տապալելու համար մշակել էին «Մահակ» ծրագիրը: Այդ ծրագրի համաձայն, երկրի Զինված ուժերը պետք է տապալեին կառավարությունն այն քաոսից հետո, որը պետք է երկրում վրա հասներ Ստամբուլի Fatih Camisi և Bayazid մզկիթների մոտ պայթյուններից, ռազմական թանգարանի վրա հարձակումից և մի քանի թուրքական կործանիչների ոչնչացումից հետո: Ինչպես ենթադրում է թերթը, 2002-2003թթ. կազմված պլանի ներքո Թուրքիայի ԶՈՒ նախկին գեներալ Չեթին Դողանի ստորագրությունն է: Հեղաշրջումից հետո պետք է զանգվածային ձերբակալություններ սկսվեին:

Թերթը հաղորդել է, որ փաստաթղթի հեղինակները բարձրաստիճան զինվորականներ են, որոնց կասկածում են «Ergenekon»-ի ծրագրին հանցակից լինելու մեջ, որի նպատակը կառավարության տապալումն էր: Գործին հանցակից էին նաև մոտ 200 քաղաքական գործիչներ, լրագրողներ, փաստաբաններ, մանկավարժներ, զինվորականներ և ոստիկաններ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---