Պայմանագրի ժամկետները չլրացած երևանյան կրպակները կշարունակեն գործել

Պայմանագրի ժամկետները չլրացած երևանյան կրպակները կշարունակեն գործել

PanARMENIAN.Net - Այս պահին Երեւանի Արաբկիր վարչական շրջանում, Փափազյան-Կոմիտաս փողոցների խաչմերուկում ապամոնտաժվում են այն կրպակները, որոնց պայմանագրերի ժամկետներն արդեն լրացել են: Այս մասին հաղորդում է PanARMENIAN.Net - ի թղթակիցը:

Տեղում է վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հրայր Անտոնյանը, որը կրպակատերերի հետ զրույցում նշել է. «Պայմանագրի ժամկետները չլրացած կրպակները կշարունակեն գործել մինչև կրպակատերերին այլընտրանքային տեղեր առաջարկելը»:

PanARMENIAN.Net - ի թղթակիցը զրուցել է նաև դեպքի վայրում գտնվող «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի հետ, որը տեղեկացրել է, որ առավոտյան 8:30 ահազանգ է ստացել քաղաքացիներից, ովքեր նշել են, որ կրպակների քանդումը սկսվել է դեռևս առավոտյան շատ վաղ՝ 7:30-ից:

Ստեփան Սաֆարյանը տեղեկացրել է նաև, որ զրուցել է վարչական շրջանի ղեկավարի հետ, ով դժվարացել է գրավոր որևէ հիմնավորում բերել՝ բավարարվելով բանավոր զրույցով. «Նա ասաց, որ կրպակատերերի համար պատրաստ է մեզ հետ միասին ավելի հարմար տեղեր գտնել երկրորդական փողոցներում»:

1994 թ-ից այս տարածքում մանր առևտրով զբաղվող Վալյա Հունանյանը նշել է, որ որոշ ժամանակ առաջ թաղապետարանից իրենց զգուշացրել են միագույն ներկել կրպակներն ու պատշաճ տեսքի բերել դրանք. «Շատերը ծախս արեցին, որ հիմա վնասո՞վ դուրս գան»:

Տիկին Վալյան պատմել է, որ մեկ շաբաթ առաջ Երևանի քաղաքապետարանից զգուշացում են ստացել, որ կրպակները ապամոնտաժվելու են. «Նույն օրը մենք գնացինք քաղաքապետարան, պատասխանեցին՝ մեկ ամիս ժամանակ են տալիս, Կառավարությունից էլ, թե՝ 20 օր են տալիս: Բայց մեկ շաբաթ անց այս վիճակն է»:

«Ժառանգություն»-ից Դավիթ Սանասարյանն էլ տեղեկացրել է, որ վաղը Երևանի տարբեր շրջանների կրպակատերեր ցույցի են դուրս գալու Փակ շուկայից մինչև Կառավարության շենք:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---