Վիկտոր Չեռնոուս. ԼՂ հիմնախնդիրը լուծելիս պետք չէ ամերիկյան փղին ներս թողնել կովկասյան սպասքի տաղավար

Վիկտոր Չեռնոուս. ԼՂ հիմնախնդիրը լուծելիս պետք չէ ամերիկյան փղին ներս թողնել կովկասյան սպասքի տաղավար

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ամենաբարդերից մեկն է Կովկասում: Կողմերի դիրքերը պաշտոնական մակարդակում չեն մոտենում, կարգավորման գործընթացը փակուղում է: Այդ մասին հայտնել է ՀԴՀ ՎՈԲԻ և ՌԳԱ ՍՔՀԻ Համակարգային տարածաշրջանային հետազոտությունների և կանխատեսման կենտրոնի տնօրեն, ՌԳԱ Սոցիոլոգիայի ինստիտուտի Հարավռուսական մասնաճյուղի Կովկասի քաղաքագիտության և քաղաքականության սոցիոլոգիայի բաժնի վարիչ, քաղաքական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Վիկտոր Չեռնոուսը: Նրա խոսքով, Ռուսաստանը, ինչպես և մյուս մեծ տարածաշրջանային տերությունները (Իրան, Թուրքիա), շահագրգռված չէ Կովկասում հակամարտության առկայության հարցում, որը ցանկացած պահին կարող է մասշտաբային պատերազմի վերաճել: «Բայց պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանը կարող է պայմանավորվածությունների երաշխավոր հանդես գալ, ամրապնդել դրանք ռեսուրսներով, բայց լուծում չպարտադրել: ԱՄՆ-ը, ԵՄ-ը կարող են աջակցել կարգավորման գործընթացին, ինչը դանդաղ, բայց տեղի է ունենում»,- նշել է Վիկտոր Չեռնոուսը:

Նրա խոսքով, տեսականորեն նրանք կարող են պարտադրել ղարաբաղյան հակամարտության լուծումը: Գործնականում դա կնշանակի Կովկասում սեփական աշխարհառազմավարական խնդիրների իրականացում ԱՄՆ անվերապահ համաշխարհային առաջատարության հեռացման անդարձ գործընթացի և ՆԱՏՕ-ի ակնհայտ թուլության պայմաններում: «Թե ինչպես է իրականացվում Արևմուտքի խաղաղապահական քաղաքականությունը, կարելի է տեսնել Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում, ավելի վաղ` Հարավսլավիայում և այլն: Արդյո՞ք հակամարտության կողմերին ձեռնտու կլինի կարգավորման նման սցենարը` մարդու իրավունքների, խաղաղ բնակչության պաշտպանության և այլ քաղցրալեզու հայտարարությունների ներքո: Ըստ իս, խնդիրը պետք է լուծել տարածաշրջանային ուժերով, ամերիկյան փղին ներս չթողնել կովկասյան սպասքի տաղավար: Հիմա անհրաժեշտ է փոխել ինքնին սոցիալ-քաղաքական միջավայրը ղարաբաղյան հակամարտության շուրջ. ակտիվացնել փորձագիտական երկխոսությունը, ժողովրդական դիվանագիտությունը, կողմերի գիտամշակութային կապերը, երիտասարդության հանդիպումները, համատարածաշրջանային տնտեսական նախագծերը: Ռուսաստանը, մասնավորապես` Դոնի Ռոստովը, ՀԿԴԵ-ն` իր ազդեցիկ ադրբեջանական և հայկական սփյուռքերով, կարող էր նման երկխոսության և փոխգործակցության միջնորդ և միաժամանակ հարթակ դառնալ»,- ավելացրել է Վիկտոր Չեռնոուսը, հաղորդում է Day.az-ը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---