Կարգապահական պատասխանատվության է ներկայացվել երեք դատավոր

Կարգապահական պատասխանատվության է ներկայացվել երեք դատավոր

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանը կարգապահական պատասխանատվության ենթարկելու 3 հաղորդում է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհրդին, քանի որ պաշտպանի գնահատմամբ դատավորներ Երեմ Եսոյանը, Մասիս Ռեհանյանը և Յուրիկ Իսկոյանը վերջին մեկ տարվա ընթացքում թույլ են տվել օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ: ՄԻՊ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ դատավոր Երեմ Եսոյանը ընդամենը 9,6 քառ. մետր բնակելի տարածքի վերաբերյալ մոր և որդու միջև դատական վեճը քննել է 19 ամիս, այսինքն` չի ապահովել գործը ողջամիտ ժամկետում քննելու օրենքի պահանջը: Բացի այդ, անտեսել է բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ օրենքով հստակ սահմանված պահանջը, որով կոպտորեն խախտել է քաղաքացու իրավունքը:

Դատավոր Մասիս Ռեհանյանն անտեսել է առաջին ատյանում հետազոտված ապացույցները վերաքննիչ դատարանում կրկնակի հետազոտելու վերաբերյալ քաղաքացու ներկայացրած օրինական միջնորդությունը` որպես իր որոշման հիմք նշելով նման միջնորդության բացակայությունը:

Դատավոր Յուրիկ Իսկոյանը քաղաքացու կալանավորման հարցը լուծելիս քննարկման առարկա է դարձրել նրա մեղավորության հարցը, ինչն անձի անմեղության կանխավարկածի ակնհայտ և կոպիտ խախտում է: Ավելին, դատավորն ամբաստանյալի համար չի ապահովել օրենքով նախատեսված թարգմանչի պարտադիր ներկայությունը: Բացի այդ, դատարանի որոշման մեջ սկզբում չի նշվել կալանավորման ժամկետը, ապա օրենքի խախտումով վրիպակն ուղղելու որոշում է կայացվել և, ի վերջո, սահմանվել է կալանքի ժամկետ, բայց այս անգամ էլ խախտվել է օրենքը՝ հարցը լուծվել է առանց ամբաստանյալի մասնակցության: ՀՀ արդարադատության խորհրդի անաչառության և արդյունավետության վերաբերյալ արդեն իսկ հնչել են բազմաթիվ բացասական գնահատականներ, սակայն, ինչպես տեղեկացնում են ՄԻՊ-ից, պաշտպանն ակնկալում է, որ իր հաղորդումների հիման վրա խորհուրդը կկայացնի արդար որոշումներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---