Կրոնի մասին նոր օրենքի նախագիծը անտեսում է պետության անվտանգությանն ու ԶՈւ առնչվող հարցերը

Կրոնի մասին նոր օրենքի նախագիծը անտեսում է պետության անվտանգությանն ու ԶՈւ առնչվող հարցերը

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ այսօր կազմակերպել էր հանրային քննարկում «Խղճի և կրոնական ազատությունների մասին» ՀՀ նոր օրենքի և այլ փոխկապակցված նախագծերի վերաբերյալ: Օրենքն արդեն մեկ ամիս է տեղադրված է ՀՀ արդարադատության նախարարության կայքում և հասանելի է բոլորին: Որպես շահագրգիռ քաղաքացի, ծանոթանալով օրենքին, ցանկանում եմ բարձրաձայնել մի քանի հարցի մասին: Նոր օրենքը 4-րդ հոդվածում սահմանում է, որ խղճի, կրոնի և համոզմունքի ազատությունը կարող է սահմանափակվել, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` հասարակական անվտանգության, մարդկանց առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Այս սահմանափակումների մեջ ներառվում է նաև հոգեորսությունը (ոչ պատշաճ պրոսելիտիզմ) և կրոնական կազմակերպությունների գաղտնի գործելու արգելքը: Իսկ ո՞ւր մնաց պետական անվտանգությունը: Չէ՞ որ այս բոլոր կրոնական աղանդավորական կազմակերպությունները առաջին հերթին վնասում են հենց պետության անվտանգությանը, քանի որ նրանցից շատերն արգելում են ծառայությունը Զինված ուժերում: Նոր օրենքը շրջանցում է այս հանգամանքը:

Ի՞նչ է նշանակում «ոչ պատշաճ պրոսելիտիզմ»: Պատշաճ էլ կա՞: Նոր օրենքը, ի տարբերություն նախորդի, որն ընդունվել էր 1991 թ., նույն հոդվածի 3-րդ կետով տալիս է հոգեորսություն եզրույթի սահմանումը. «Հոգեորսությունը այլ կրոնական կամ դավանաբանական պատկանելիություն կամ հայացքներ ունեցող անձանց նկատմամբ դավանափոխ անելու նպատակով կրոնական բնույթի ցանկացած քարոզչական ներգործությունն է, որը դրսևորվում է այդ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն գործադրելու սպառնալիքով, նյութական կամ սոցիալական բնույթի առավելություն տրամադրելով կամ կախվածությունը օգտագործելով, այլ կրոնի, համոզմունքի կամ կրոնական կազմակերպության նկատմամբ թշնամանք հարուցելով կամ ատելություն հրահրելով, անձին երկու կամ ավելի անգամ հետապնդելով, տասնչորս տարին չլրացած անչափահասի նկատմամբ` առանց նրա ծնողների կամ խնամակալների համաձայնության»:

Մի քանի անհասկանալի հարց այս կետի առնչությամբ. 1. Արգելվում է նյութական աջակցություն տրամադրելը, այսինքն` օրենքն արգելո՞ւմ է բարեգործությունը, թե` այլոց աղանդավոր դարձնելու համար սահմանվող «վարձատրությունը»: 2. Արգելվում է անձին երկու կամ ավելի անգամ հետապնդել, այսինքն` արգելվում է, որ նույն մարդը ինչ-որ մեկին 2 անգամ մոտենա, սակայն նույն կրոնական կազմակերպության մեկ այլ ներկայացուցիչ կարող է: Աղանդավորներն էլ որսի դուրս կգան 5-6 հոգով ու հերթով կմոտենան նույն մարդուն, մինչև դարձնեն իրենց նման մոլագար… 3. Առանց ծնողի կամ խնամակալի համաձայնության չի կարելի երեխայի մոտ քարոզել, իսկ եթե ծնողը համաձայն է կարելի է երեխայի դեռևս չձևավորված ուղեղը լցնել, օրինակ, սատանիզմով: 4. Բռնություն գործադրելը դադարե՞լ է ինքնին հանցանք լինելուց: 5. Իսկ եթե խախտվի այդ կետը, ի՞նչ պատիժ է սահմանվում:

Նույն օրենքի նույն հոդվածի 5-րդ կետը ՀՀ տարածքում արգելում է այն կրոնական միավորումների ու կազմակերպությունների գործունեությունը, որոնք իրենց գործունեության ընթացքում իրականացնում են կամ փորձում են իրականացնել իրենց անդամների անձնական կյանքի, առողջության, սեփականության և վարքի վերահսկողություն: Ելնելով այն փաստից, որ նոր օրենքը մի հարթության վրա է դրել Հայ Առաքելական եկեղեցին ու մնացյալ կրոնական կազմակերպությունները, կարող ենք ասել, որ Առաքելական եկեղեցու գործունեությունը կդառնա հակաօրինական, քանի որ այն արգելում է շնանալը (միջամտում է անձնական կյանքին), չի խրախուսում որկրամոլությունը (առողջություն), գովաբանում է պարզ, առանց շքեղությունների կյանքը (սեփականություն) և, իհարկե, վերահսկում է վարքը (մի՛ սպանիր, մի՛ գողանա, մի՛ նախանձիր և այլն):

«Խղճի և կրոնական ազատությունների մասին» ՀՀ նոր օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը արգելում է կրոնական կազմակերպությունների ֆինանսավորումն արտասահմանից: Թեև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը ընդդիմանում է, բայց ամեն դեպքում հանրահայտ է, որ ՀՀ տարածքում գործող բոլոր աղանդավորական կազմակերպությունները ֆինանսավորվում են արտասահմանից: Հավանաբար, գիտակցելով, որ այս օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստիպված կլինեին նրանց բոլորի գործունեությունն արգելել, օրենքը մշակողները 8-րդ հոդվածի 2-րդ կետով թույլատրում են կրոնական կազմակերպություններին ստանալ նվիրատվություններ (նաև արտասահմանից):

Սա օրենքի վիճահարույց ու անհասկանալի կետերի միայն մի մասն է: Հուսանք, որ մինչև երեկո շարունակվող քննարկումներից հետո օրինագծի հեղինակները` Գրիգոր Մուրադյանի ղեկավարությամբ, այն կվերանայեն ու կհստակեցնեն, և հասարակությունը, աղանդավորներն ու Վենետիկի հանձնաժողովը կստանան «խղճի ու կրոնի ազատության» ապահովման այդքան բաղձալի երաշխիքը:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News
4  19.08.11 - ՀՀ արդարադատության նախարարությունը եւ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը կազմակերպեցին ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված «Խղճի եւ կրոնական ազատությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---