23 օգոստոսի 2011 - 18:43 AMT
Կարեն Կարապետյանը ուզում է ստեղծել մի կամուրջ, որով գործարար աշխարհը կբերի Երևան

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Համահայկական 5-րդ խաղերի շրջանակում Երևանում գտնվող Կանադայի Մոնրեալ քաղաքի պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի մամլո ծառայությունից, պատվիրակության ատենապետ, գործարար-բարերար Պողոս-Փոլ Գիշյանը Կարեն Կարապետյանին է փոխանցել Մոնրեալի քաղաքապետ Ժերար Թրամբլեյի նամակը: Վերահաստատվել է երկու քաղաքների միջև բարեկամական կապերի ամրապնդումը, ինչը կնպաստի երկարատև հարաբերությունների զարգացմանը:

Խոսելով մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի մասին` քաղաքապետն ընդգծել է, որ Երևանն այսօր իր գործընկերներին առաջարկում է ներդրումային ծրագրեր և մասնակցություն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: «Մենք ակնկալում ենք լուրջ համագործակցություն և ոչ թե ֆինանսական օգնություն կամ բարեգործություն: Մենք ուզում ենք ստեղծել մի կամուրջ, որով գործարար աշխարհը կբերենք Երևան», - շեշտել է քաղաքապետը: Ներկայացնելով քաղաքային տնտեսության մեջ գործարար հետաքրքրություն ներկայացնող ոլորտները` Կարեն Կարապետյանը նշել է, որ Երևանում լուրջ քայլեր են ձեռնարկվել և ներդրողների համար ապահովված է արդարացի ու բարենպաստ բիզնես միջավայր:

Պողոս-Փոլ Գիշյանը պատրաստակամություն է հայտնել իր առաքելության շրջանակում աջակցել և կանադական ընկերությունների հետ համապատասխան աշխատանք տանել այս ուղղությամբ: