23 օգոստոսի 2011 - 20:06 AMT
Արցախ է ժամանել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նորանշանակ ղեկավարը

Օգոստոսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է Պամելա Ստատակիսին` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի` ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարի պաշտոնում նրա լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ, և գրասենյակի նորանշանակ ղեկավար Ռոման Պարամոնովին, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Վասիլի Աթաջանյանը երախտագիտություն է հայտնել Պամելա Ստատակիսին արդյունավետ աշխատանքի համար և հույս է հայտնել, որ ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի նոր ղեկավարությանը կհաջողվի իրականացնել նախատեսված բոլոր ծրագրերը:

Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Ռոման Պարամանովը պատմել է գրասենյակի առաջիկա պլանների մասին` նշելով, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է ԼՂՀ-ում մարդասիրական ծրագրերի իրականացումը: Վասիլի Աթաջանյանը հանրապետության իշխանությունների անունից պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ գործունեությանը: