Մեկն էլ լիներ Մարդու իրավունքների պաշտպանի խոսքի ազատության իրավունքը պաշտպաներ

Մեկն էլ լիներ Մարդու իրավունքների պաշտպանի խոսքի ազատության իրավունքը պաշտպաներ

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նպատակներից մեկը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն ու վերականգնումն է, իսկ Պաշտպան-իշխանություն և Պաշտպան-հասարակություն կառուցողական համագործակցության նախաձեռնումը ինստիտուտի գլխավոր խնդիրներից մեկը: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՄԻՊ-ը մարդու իրավունքների խախտման 2 կարևոր հարց բարձրացրեց: Խախտումներն, ըստ ՄԻՊ-ի, տեղի էին ունեցել արդարադատության և կրթության համակարգերում:

Երկու դեպքում էլ ՄԻՊ-ը հաղորդագրություն տարածեց` իր գործունեությունը դարձնելով բաց ու թափանցիկ: Եվ երկու դեպքում էլ Պաշտպանին խորհուրդ տվեցին “ձայնը կտրել ու քիթը չխոթել”: Արդարադատության նախարարությունից պատասխանել էին` “Մարդու իրավունքների պաշտպանին խորհուրդ ենք տալիս գործել իր լիազորությունների շրջանակներում”:

Կրթության և գիտության նախարարության պատասխանը թերևս ավելի ցինիկ ու ծաղրական էր, քանի որ բացի ՄԻՊ-ը սխալը շեշտելուց և սեփական մեղքը չընդունելուց, ՄԻՊ գրասենյակը մեղադրել էին անգրագիտության ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մեջ: Այսպիսի պայմաններում բոլորովին ավելորդ է խոսել Պաշտպան-իշխանություն համագործակցության նախաձեռնման մասին:

Այս երկու օրինակները վառ ապացույց են, որ Հայաստանում անգամ նա, ով օրենսդրորեն կոչված է և պետբյուջեից փող է ստանում մարդու իրավունքների պաշտպանության համար, պաշտպանված չէ: Եթե ՄԻՊ-ը իրավունք չունի բարձրաձայնել մարդու իրավունքների խախտման ու ոտնահարման մասին, քանի որ նրա բերանը ոչ այնքան նուրբ ու չափազանց բացահայտ փակում են, ապա ի՞նչ կարող է անել հասարակ քաղաքացին կամ լրագրողը: Ո՞վ պետք է պաշտպանի քաղաքացիների ազատ խոսքի իրավունքը, եթե Պաշտպանին այդ իրավունքից զրկում են:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---