WikiLeaks. ԱՄՆ դիվանագետը փորձել է հավաստիացնել Պետդեպարտամենտին, որ հայ հանրությունն անտարբեր է Ցեղասպանության հարցի հանդեպ

WikiLeaks. ԱՄՆ դիվանագետը փորձել է հավաստիացնել Պետդեպարտամենտին, որ հայ հանրությունն անտարբեր է Ցեղասպանության հարցի հանդեպ

PanARMENIAN.Net - Անցյալ շաբաթ WikiLeaks-ի հրապարակած ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի թվում էր նաև Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Պերինայի 2007թ. օգոստոսի 28-ի նամակը: Նամակում ամերիկացի դիվանագետն անդրադարձել է հայ հանրության արձագանքին այն փաստի վերաբերյալ, որ Հակադիֆամացիոն լիգան (ADL) վերանայել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «Հայաստանի ԶԼՄ-ները բավականին հակիրճ ձևով հաղորդեցին նորությունը կազմակերպության կողմից Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Տպագիր ԶԼՄ-ները նույնպես մեծապես չկարևորեցին այդ իրադարձությունը և նյութերը հրապարակեցին հիմնականում հետևյալ վերնագրով. «Հրեական կազմակերխպությունը վերանայել է իր որոշումը»: Մեկնաբանություններ նույնպես չեղան»,-նշել է Պերինան:

Ընդ որում, նա հավելել է, որ ADL-ի որոշման հետ կապված դեպքը վկայում է այն մասին, որ հայ հանրությունը որոշ չափով անտարբեր է այս հարցի հանդեպ, համեմատած հարևան Թուրքիայում և սփյուռքում այդ հարցի հանդեպ վերաբերմունքի հետ: «Այն, որ Ցեղասպանության փաստն ակնհայտ է, նվազ զգացմունքային է դարձնում հայ հանրությանը»:

Բացի այդ, ժամանակավոր հավատարմատարը կարծիք է հայտնել, որ այդ անտարբերության պատճառը պայմանավորված է նաև նրանով, որ հրեական համայնքը Հայաստանում սակավաթիվ է, և հանրությունն այնքան էլ ծանոթ չէ Հակադիֆամացիոն լիգայի գործունեությանը»,-նշել է Պերինան:

Հակադիֆամացիոն լիգան ամերիկյան իրավապաշտպան հասարակական-քաղաքական կազմակերպություն է, որը հակազդում է հակասեմիտիզմին և հրեաների հանդեպ անհանդուրժողականության այլ ձևերին:

2007թ. օգոստոսի 21-ին ADL տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը հայտարարեց կազմակերպության դիրքորոշման վերանայման մասին 1915թ. Հայոց ցեղասպանության հարցում: «1915թ. իրադարձությունները մենք միշտ անվանել ենք զանգվածային ջարդ, սակայն լիգան որոշեց վերանայել իր դիրքորոշումը և որակել կատարվածը որպես ցեղասպանություն»,-ասել է Ֆոքսմանը:

Ռուդոլֆ Պերինան նշանակվեց Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար 2007թ. հուլիսի 10-ին: Նա այդ պաշտոնում փոխարինեց ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին, որի պաշտոնավարման ժամկետը լրանում էր 2007թ. ամռանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---