1 սեպտեմբերի 2011 - 14:19 AMT
ԱՄՆ-ում ցուցադրվելու է Յուսուֆ Քարշի մասին պատմող ֆիլմ

ԱՄՆ 2 հեռուստաալիքներով ցուցադրվելու են հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի մասին պատմող «Քարշը պատմություն է. Յուսուֆ Քարշը և դիմանկարը լուսանկարչության մեջ» (KARSH IS HISTORY: YOUSUF KARSH AND PORTRAIT PHOTOGRAPHY) ֆիլմը: 1 ժամանոց ֆիլմը պատմելու է լուսանկարչի շուրջ 60 տարվա գործունելության և այդ ժամանակահատվածում նրա կողմից արված 15.312 լուսանկարների մասին: Ցուցադրման կազմակերպիչն է Ամերիկայի հայկական գրադարանը և թանգարանը (ALMA): Ֆիլմը ցուցադրվելու է սեպտեմբերի 1-ին, 2-ին և 4-ին: Բացի դրանից, սեպտեմբերի 17-ին ԱՄՆ-ում բացվելու է Քարշի լուսանկարների ցուցահանդեսը:

Կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշը (Հովսեփ Քարշյան) ծնվել է 1908թ-ին Արևմտյան Հայաստանի Մարդին քաղաքում:

Ցեղասպանությունից իրենց կյանքը փրկելու համար ծնողները, երեք երեխաների հետ, որոնցից ավագը Հովսեփ-Յուսուֆն էր, ստիպված են լինում փախչել Սիրիա, որտեղից երկու տարի հետո Քարշի ծնողները բավականաչափ գումար հավաքելուց հետո իրենց ավագ որդուն ուղարկում են Կանադա, որտեղ Շերբրուկ քաղաքում ապրում էր նրա մորեղբայրը` լուսանկարիչ Ջորջ (Գրիգոր) Նաղաշը:

1941 թ. դեկտեմբերի 30-ին Քարշը լուսանկարեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլին՝ Օտտավայի Համայնքների պալատում ելույթի ժամանակ: Life ամսագրում Չերչիլի դիմանկարի տպագրվելուց հետո Քարշի պատվիրատուներին թիվ չկար: Քարշի լուսանկարների ամենահայտնի հերոսների թվում են ԱՄՆ 12 նախագահները, Հռոմի 4 Պապերը, Բրիտանիայի բոլոր վարչապետները, խորհրդային առաջնորդներ Խրուշչովը, Բրեժնևը և Գորբաչովը, Ալբերտ Էյնշտեյնը, Նելսոն Մանդելան, Օդրի Հեփբերնը, Էռնեստ Հեմինգուեյը, Սոմերսեթ Մոեմը, Պաբլո Պիկասոն, Բեռնարդ Շոուն, Էլեոնորա Ռուզվելտը և այլոք:

Քարշի կյանքի 65 տարիները ողողված են եղել փառքով, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է: 100 այն մարդկանցից, որոնց International Who`s Who (2000 թ.) հրատարակությունը դասել է 20-րդ դարի ամենանշանավոր անձանց շարքին, դիմանկարային լուսանկարի վարպետ Յուսուֆ Քարշը լուսանկարել է 51-ին: