Տիգրան Համասյանը սեպտեմբերին համերգներով հանդես կգա Հայաստանում

Տիգրան Համասյանը սեպտեմբերին համերգներով հանդես կգա Հայաստանում

PanARMENIAN.Net - PanARMENIAN Media-ն և ՀՀ Մշակույթի նախարարությունը ներկայացնում են բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր, ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի «Տիգրան Համասյան սոլո տրիոյի» (Տիգրան Համասյան - դաշնամուր, Սամ Մինայե - բաս, Արի Հոենիգ - հարվածայիններ) բարեգործական համերգաշարը, որը կազմակերպվում է իր նոր, «Universal Music» ընկերությունում թողարկած «A Fable» ձայնասկավառակի ընծայման առթիվ:

Սեպտեմբերի 17-ին տրիոն համերգ կտա Արցախում՝ Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում, սեպտեմբերի 18-ին Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում, սեպտեմբերի 19-ին Գյումրու Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Եզրափակիչ համերգը կայանալու է սեպտեմբերի 20-ին, ժամը 19:30-ին Ա.Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում:

Համերգներից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» բարեգործական ՀԿ-ի ծրագրերի իրականացմանը: Համերգաշարն իրականացվում է «Վիբրոգրաֆուս» ընկերության և «Շանթ» հեռուստաընկերության աջակցությամբ:

Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Ավարտել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև ընդունվել Պ. Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարան: Կարճ ժամանակ անց Համասյանը տեղափոխվել է Նյու Յորք:

1998-ին Երևանյան առաջին ջազ փառատոնում 11-ամյա Տիգրան Համասյանը հայտնություն դարձավ ջազային հանրության համար։

Միայն 2003-ին արժանացել է տարբեր կարգի մրցանակների 5 մրցույթներում, մասնավորապես՝ 3-րդ տեղը Փարիզի ջազ-դաշնակահարների միջազգային մրցույթում, առաջին տեղը Jazz a Juan Revelations-ում, Montreux Jazz Solo Piano Competition-ում, երրորդ տեղը Ջազ-դաշնակահարների մոսկովյան առաջին միջազգային մրցույթում, առաջին տեղը` Մոնակոյի ջազ-դաշնակահարների մրցույթում: 2004-ին լույս է տեսել Տիգրան Համասյանի դեբյուտային ալբոմը` ձայնագրված WORLD PASSION քառյակի հետ: 2008-ին` Նյու Յորք տեղափոխվելուց առաջ, ARATTA REBIRTH խմբի հետ ձայնագրել է “Red Hall” կոչվող ալբոմը: Ներկայում Տիգրան Համասյանը հանդես է գալիս ջազի համաշխարհային աստղերի հետ, գրում և ձայնագրում է նոր ստեղծագործություններ, հրավերներ ստանում աշխարհի լավագույն ջազ փառատոններից և համերգներով հանդես գալիս աշխարհի տարբեր երկրներում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---