Սերժ Սարգսյան. Լեռնային Ղարաբաղը չի կարող հետագայում ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր ունի

Սերժ Սարգսյան. Լեռնային Ղարաբաղը չի կարող հետագայում ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր ունի

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստեփանակերտում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին մասնակցել է հոբելյանի կապակցությամբ ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է պետական բարձր պարգևների արժանացածներին, մաղթել նրանց և բոլոր ներկաներին` առողջություն, հաջողություն և խաղաղություն ինչպես մեր սահմաններում, այնպես էլ հայոց ընտանիքներում:

ՀՀ նախագահը նաև իր շնորհավորական խոսքն է հղել ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակի առթիվ: Իր խոսքում նա նշել է, որ սեպտեմբերի 2-ին ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության տոնն է: «Տոնն է մարդու և ազգի ազատության, տոնն է մարդու և ազգի արժանապատվության, տոնն է ոտնահարված իրավունքների վերականգնման, տոնն է պատմական արդարության հաղթանակի»,- հայտարարել է նա:

Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ ո՛չ պայքարով ու տառապանքներով լի դարերը, ո՛չ հայահալած բռնապետության տասնամյակները չկարողացան և չէին կարող կոտրել հայերի վճռականությունը, չկարողացան և չէին կարող նաև խլել իրավունքը:

«Այն դաժան, տևական ու հրեշավոր պատերազմը, որ մեզ պարտադրվեց, կարող էր հուսահատության հասցնել ում ասես, բայց ո՛չ արցախցուն: Արցախի ինքնապաշտպանական ջոկատներն իրե՛նք հուսահատության հասցրին և խուճապահար փախուստի մատնեցին նրանց, ովքեր մեր գեղատեսիլ ու հարուստ երկրամասը վերածել էին դժոխքի: Սպանդ, ավեր ու թալան, էթնիկ զտումներ, խաղաղ բնակչության բնաջնջում` ահա աշխարհի աչքի առաջ ինչով էր զբաղված այն ուժը, որ պաշտոնապես կոչվում էր Ադրբեջանի հանրապետության զինված ուժեր: Իսկ մեզ համար ելուզակների ու վարձկանների այդ հեղեղը պատմական փորձություն էր, որ մեզ այլընտրանք չէր թողել. կա՛մ մենք փորձության կրակների միջից պետք է դուրս գայինք թրծված, ավելի ամրացած, կա՛մ պետք է դադարեինք լինել: Մենք ընտրեցինք կյանքը, և այսօր մենք տոնում ենք կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ: Հավերժ փառք նրանց, ովքեր ընկան` մեզ կտակելով այս պայծառ տոնը»,- ասել է ՀՀ ղեկավարը:

Նախագահը հատուկ շեշտել է, որ 20-ամյա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանները պաշտպանելու են զորակոչվում արդեն անկախության սերունդ հայորդիները:

«Եթե նախկինում Արցախը հայության ցավն էր, ապա այսօր հայության հպարտությունն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է իր բոլոր կառույցներով: Նույնիսկ պատերազմի սպառնալիքի պայմաններում նա անհամեմատ ավելի ժողովրդավարական է, քան նրանք, ովքեր ժողովրդավարության ու ազգային հանդուրժողականության մասին խոսում են հայության դեմ հերթական պատերազմի սպառնալիքներ հնչեցնելուց ազատ ժամանակ:

Հայաստանը, Արցախը ու Սփյուռքը մեկ ամբողջականություն են: Մենք բոլորս` հայության բոլոր հատվածներս, միմյանց շարունակությունն ենք: Մենք ամեն ինչ անելու ենք ոչ միայն Արցախի խաղաղության, անվտանգության ամրապնդման, այլև սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացման համար: Կան ծրագրեր, որոնք այսօր են կյանքի կոչվում, կան նաև բազում նորերը, որ մշակման փուլում են: Մենք քայլ առ քայլ շարժվում ենք մեր նպատակների իրականացման ճանապարհով»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը շարունակվում է: «Մենք, ի տարբերություն ոմանց, ճշմարտությունը չենք թաքցնում մեր ժողովրդից և ցանկալին չենք ներկայացնում իրականության փոխարեն: Մեր դիրքորոշումը հստակ է. Լեռնային Ղարաբաղը չի կարող հետագայում ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր ունի:

Արցախի ժողովրդի կյանքն ու ազատությունը չի կարող հանձնվել ինչ-որ մեկի տնօրինությանը կամ քմահաճույքին: Այն ինչ հնարավոր եղավ 1923 թվականին, անհնար է 21-րդ դարում, մանավանդ որ մենք չափազանց մեծ գին ենք վճարել դրա համար»,- նշել է Հայաստանի ղեկավարը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

Արցախի Հանրապետություն
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---