Ո՞վ է մեղավոր, որ տոմսերը թանկ են. «Զվարթնոցը», թե «Արմավիան»

Ո՞վ է մեղավոր, որ տոմսերը թանկ են. «Զվարթնոցը», թե «Արմավիան»

PanARMENIAN.Net - Արդեն համակերպվել ենք՝ դոլարը կարժևորվի, թե կարժեզրկվի, նավթը կթանկանա, թե կէժանանա, Հայաստանում ամեն ինչ կայուն թանկանում է։ Երկրի ղեկավարները վաղուց արդեն «կայուն զարգացում» արտահայտությունը պետք է փոխարինեին «կայուն թանկացման» հետ։ Ողջ աշխարհում ինքնաթիռով ճամփորդելը դադարել է շքեղություն լինել։ Սակայն Հայաստանը այս դեպքում էլ է աշխարհից դուրս։

Համեմատության համար նշենք, որ Կիև-Երևան ավիատոմսի գինը սեպտեմբերի տվյալներով 317 դոլար է, այնինչ նույն օրը Կիև-Թբիլիսին ընդամենը 203 դոլար։ Հնարավոր է ասեք՝ Թբիլիսին ավելի մոտ է Կիևին։ Բերենք մեկ այլ օրինակ՝ Թել Ավիվ-Երևան տոմսը արժե 297 դոլար, Թել Ավիվ-Թբիլիսի՝ 217։ Այս դեպքում հաստատ հեռավորությունը չէ պատճառը։ Կրասնոդար-Երևան չվերթի ավիատոմսն արժե 310 դոլար։ Մի քիչ անհեթեթ է նման փոքր հեռավորության համար։

Ինչո՞ւ են Հայաստանում այդքան թանկ ավիատոմսերի սակագները։ Եթե հարցնես ազգային միակ ու անկրկնելի ավիափոխադրող «Արմավիային» կասի՝ միակ ու անկրկնելի «Զվարթնոցն» է մեղավոր։ Դժվար չէ գուշակելը՝ ինչ կասի «Զվարթնոցը»։

«Արմավիայի» մամլո խոսնակը՝ Նանա Ավետիսովան, բոլորին խորհուրդ է տալիս տոմսը գնել նախորոք, քանի որ այդ դեպքում այն կլինի ավելի էժան։ Սա ողջ աշխարհում ընդունված երևույթ է, սակայն մեզամում հասնում է անհեթեթության։ Պատկերացնում եք, եթե նույն սիստեմով գնեինք, օրինակ, երթուղային միկրոավտոբուսների տոմսերը. շուտ նստողը վճարեր 50 դրամ, և երթուղայինի մեջ մնացած տեղերի նվազմանը զուգահեռ գինը աստիճանաբար աճեր։ Իսկ ի՞նչ տարբերություն։ Մի՞թե երկուսն էլ փոխադրամիջոց չեն։ Պարզվում է, որ ոչ, և եթե մեքենան դադարել է շքեղություն լինելուց, ինքնաթիռին մոտ ապագայում դա չի սպառնում։

Բացի այն, որ պետք է տոմսը շուտ գնել, եթե ուզում եք ճանապարհորդել մատչելի, ստիպված կլինեք դա անել ուշ գիշերը։ Սա այն դեպքում, որ ողջ աշխարհում գիշերային չվերթները գրեթե վերացվել են։ Դա մեկնաբանում են և՛ անվտանգությամբ, և՛ հարմարավետությամբ։ «Չվերթի չվացուցակի ընտրության ժամանակ կատարվում են բազմաթիվ մանրակրկիտ հետազոտություններ, հաշվի է առնվում նաև տարանցիկ փոխադրումների հնարավորությունը»,-արդարանում են «Արմավիայում»։ Գնելով ինքնաթիռի տոմս՝ ուղևորը վճարում է օդանավի ինքնարժեքի, սպասարկման ծախսերի, ավիավառելիքի համար, ինչպես նաև անձնակազմի աշխատավարձերը, տարբեր տեսակի հարկեր, տուրքեր, օդանավակայանում վերգետնյա սպասարկման վճար։ «Զվարթնոցը» եվրոպական և անգամ ռուսաստանյան օդանավակայաններից կրկնակի շատ գումար է վերցնում վերգետնյա սպասարկման համար՝ պատճառաբանելով դա ուղևորների հոսքի քչությամբ։

Սեպտեմբերի 16-ին կբացվի «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալը՝ շատ ավելի մեծ ու գեղեցիկ։ Օդանավակայանը տարանցիկ ավիափոխադրումների հնարավորություն կունենա, ինչ կարող է 3 անգամ մեծացնել ուղևորահոսքը։ Բնական կլիներ ենթադրել, որ դա կնվազեցներ մեկ ուղևորից գանձվող սպասարկման վարձը։ Սակայն «Զվարթնոցը» մնում է ինքն իրեն հավատարիմ։ Օդանավակայանի մամլո խոսնակ Գևորգ Աբրահամյանը վստահեցնում է, որ «նոր տերմինալի բացումից հետո ոչ մի գնային փոփոխություն չի լինելու»։ Այսպիսով, նոր տերմինալը գուցե և գեղեցիկ է ու հարմարավետ, բայց ոչ մատչելի։

Այս երկուսի գործելաոճը կարելի է համեմատել ոչ վաղ անցյալում Հայաստանում տիրող բբջային կապի մենաշնորհի հետ։ Այն ժամանակ ոչ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, թե հնարավոր է խոսել 250դր/ր-ից ցածր սակագնով։ Սակայն երբ դաշտում հայտնվեց 2-րդ բջջային օպերատորը, գները կտրուկ նվազեցին, և այսօր բջջայինով կարելի է խոսել անգամ անվճար։ ԽՍՀՄ-ը փլուզվել է, սակայն երկաթե վարագույրը դեռ մնում է։ Ժամանակն է ավիափոխադրումների ոլորտը ազատել մենաշնորհից։ Ժամանակն է ճամփորդելու։

Քրիստինե Քյուրքլյան
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---