Երևանի համար 1 հակաէկոլոգիական շինություն է ճանաչվել Հյուսիսային պողոտան

PanARMENIAN.Net - «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը նախաձեռնել էր ֆեյսբուքյան առցանց հարցում` «Երևանի հակաէկոլոգիական շինությունների ցուցակը» թեմայով: Նախաձեռնությունը տեղեկացնում է, որ ըստ ֆեյսբուքյան քվեարկության նախնական արդյունքների, որին մասնակցել է 700 մարդ, Երևանի ամենահակաէկոլոգիական կառույց է գնահատվել Երևանի հյուսիսային պողոտան (233 հոգի)` իր բետոնի առատությամբ և կանաչի խիստ սակավությամբ: Երկրորդ տեղում է Ուսանողական այգին օկուպացրած շենքը (90 հոգի), որը խաթարում է այգու, Ազգային գրադարանի և աստղադիտարանի անդորրը: Երրորդ տեղում է գտնվում Օղակաձև այգում Թումանյան փողոցին մոտ կառուցվող մեծ համալիրը (78 հոգի), որն աղավաղում է Երևանի օղակաձև կանաչ գոտին և սպառնում լուրջ խնդիրներ ստեղծել երևանցիների հանգստի և տեղաշարժվելու համար: Այնուհետև հաջորդում են Մոնումենտի անտառի հաշվին կառուցված առանձնատները, Աբովյան փողոցի կանաչ հատվածում կառուցված խանութները, Տերյան փողոցում գտնվող Նուշիկյանների շենքը, Կոմիտաս փողոցի ծառուղու ոչնչացմամբ կառուցված Երևան Սիթի սուպերմարկետը և ներկայումս Կողբացի 42/Պուշկին 40 բակում խցկվող բարձրահարկը: Եվս 110 հոգի գտնում է, որ ամբողջ Երևանի կենտրոնի կառուցապատումը հակաէկոլոգիական է, իսկ 34 հոգի այդպիսին է համարում ամբողջ Օղակաձև այգին: Տրվել են նաև այսպիսի պատասխաններ. ՀՀ բնապահպանության նախարարությունը, աղբատար ունեցող բոլոր հին, հակահիգիենիկ, սարսափելի բուրող բարձրահարկերը, Երևանի քաղաքապետարանը և այլն: Օգտատերերից երեքն առաջարկել են նաև Երևանի կոնյակի գործարանը` որպես էկոլոգիական միջավայրի դրական օրինակ: «Հարցման նպատակն է բարձրացնել քաղաքացիների տեղեկացվածությունը Երևանի անապատացման և բետոնապատման տանող աղետալի կառուցապատումների մասին, նպաստել հանրային բողոքի և կարծիքի ձևավորմանը, ինչպես նաև անունների և պատասխանատվության ճշտմանը: Սրանք այն օրինակներն են, թե ինչպիսին չպետք է լինի քաղաքաշինությունը»,- նշվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---