Տիգրան Սարգսյանը կառավարության առաջ լուրջ խնդիր է դրել. 2012-ին էապես բարելավել հարկերի հավաքումը

Տիգրան Սարգսյանը կառավարության առաջ լուրջ խնդիր է դրել. 2012-ին էապես բարելավել հարկերի հավաքումը

PanARMENIAN.Net - «Մեր առջև կանգնած է խնդիր՝ 2012 թվականին էապես բարելավել հարկերի հավաքումը»,- հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` սեպտեմբերի 9-ին բացելով կառավարության նիստը։

«Ցանկանում եմ, որպեսզի բոլորս գիտակցենք, որ դա միայն Պետական եկամուտների կոմիտեի գործառույթը չէ։ Կառավարության բոլոր անդամները պետք է պատասխանատու լինեն հարկերի հավաքման համար։ Մասնավորապես, հանձնարարական է տրվում բոլոր նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին՝ մեկ շաբաթվա ընթացքում ֆինանսների նախարարին հստակ տեղեկություն ներկայացնել իրենց ոլորտներում հարկային բազաների վերաբերյալ, թե ինչպիսին է այն՝ 2012 թվականի մեր կանխատեսումների համեմատ, և ինչ միջոցներ պետք է ձեռնարկեն նախարարները, որպեսզի օգնենք այդ եկամուտների խնդիրը լուծելու գործում։

Մասնավորապես, առաջին հերթին մեզ հետաքրքրում են էներգետիկայի բնագավառի վերլուծությունները, որտեղ աճ ենք կանխատեսում։ Պետք է տեսնել, թե որքանով է ավելանալու այս ոլորտի հարկային բազան և էներգետիկ ոլորտի ձեռնարկությունները որքան լրացուցիչ եկամուտ են ապահովելու։ Երկրորդ ոլորտը քաղաքաշինությունն է, երրորդը՝ տրանսպորտը և կապը, չորրորդը՝ առողջապահությունը, որտեղ ներդրվել է համաֆինանսավորում, և ըստ էության՝ աշխատավարձի ավելացում պետք է տեղի ունենա։ Եթե ծառայությունների գներն այստեղ նույնպես համաֆինանսավորման ներդրումների արդյունքում ավելացել են, ապա դա նշանակում է, որ բուժհիմնարկների շահույթի մակարդակը նույնպես բարձրացել է։

Պետք է հստակ գնահատականներ լինեն, թե ինչքան լրացուցիչ մուտքեր պետք է ակնկալենք այս հիմնական ոլորտներից։ Մնացած բոլոր նախարարությունները նույնպես պետք է իրենց ոլորտներում տիրապետեն իրավիճակին, թե ինչ հարկային բազայի հետ գործ ունենք։ Առանձին առանձին բոլոր նախարարները պետք է ինձ ներկայացնեն հաշվետվություն, թե ինչ միջոցառումներ են իրականացնում, որպեսզի կարողանանք Պետական եկամուտների կոմիտեի հետ միասին ապահովել 2012 թ. պետական բյուջեի եկամուտները»,- ասել է վարչապետը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---