Գրականագետը գտնում է, որ բանակին հարկավոր են հոգեբաններ՝ զինվորներին հունդուրժողականություն սովորեցնելու համար

PanARMENIAN.Net - Միջադեպերը հայկական բանակում տեղի են ունենում զինվորների զարգացման տարբեր մակարդակների, կոպտության, անգրագիտության պատճառով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է գրականագետ Դավիթ Գասպարյանը: Ըստ նրա, մասնավորապես, զինակոչիկների հանդեպ կոպիտ ու վիրավորական վերաբերմունք են դրսևորում սպաներն ու ծառայությունն ավարտող զինվորները: «Բանակում պետք է հաստատվեն բարեկիրթ հարաբերություններ, այլապես, ամեն ինչ կվերածվի վեճերի ու կռիվների»,-ասել է նա:

Այդ առնչությամբ Գասպարյանն ասել է, որ զինվորների զարգացման համար արդեն մի քանի տարի է, ինչ պաշտպանության նախարարությունը հանդիպումներ է կազմակերպում հումանիտար առարկաների դասախոսների հետ: «Ես կարծում եմ, որ այդ հանդիպումները նպաստում են զինվորների գաղափարական ու հոգևոր դաստիարակությանը»,-ասել է նա: Ըստ փորձագետի, բանակին անհրաժեշտ են հոգեբաններ ու այլ մասնագետներ, զինվորներին հանդուրժողականություն սովորեցնելու համար, ինչի պակասը զգացվում է բանակում:

Իր հերթում պատմաբան Սուրեն Սարգսյանը կարևորել է հրամանատարական կազմի նշանակությունը: Ըստ նրա, բանակն այն ժամանակ է հաջողության հասնում, երբ հրամանատարը զինվորներին վերաբերվում է որպես սեփական երեխաներին: Ընդ որում, նա նշել է, որ սպայակազմը հաճախ չունի մասնագիտական կրթություն և զուրկ է այն մարդկային որակներից, որոնք անհրաժեշտ են բանակում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---