Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը բացվելու է համաշխարհային պրեմիերայով

Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը բացվելու է համաշխարհային պրեմիերայով

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կբացվի Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Փառատոնի առաջին համերգին կայանալու է հայ ժամանակակից կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի «Հերոսական» ռապսոդիայի համաշխարհային պրեմիերան: Ինչպես մամլո ասուլիսում նշեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ստեղծագործությունը գրվել է հատուկ ՀՀ անկախության 20-ամյակին և պարունակում է ֆեդայական երգերի: Այն հնչելու է նաև սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում: Բացի Երկանյանի ստեղծագործությունից, փառատոնի առաջին համերգում հնչելու է նաև Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան: Համերգին մասնակցելու է նաև Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան):

Փառատոնը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 12-ը, որի ընթացքում տեղի է ունենալու 10 համերգ, որոնց ընթացքում հնչելու է բազմազան դասական երաժշտություն մի շարք օտարերկրյա երաժիշտների կատարմամբ: Սպասվում են ֆրանսիացի կլարնետահար Փոլ Մայերի, նորվեգացի ջութակահար Հեննինգ Քրագերուդի, Մեծ Բրիտանիայից թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի և այլ հանրահայտ երաժիշտների ելույթներ: Եզրափակիչ համերգը ղեկավարելու է աշխարհահռչակ անգլիացի դիրիժոր Քրիստոֆեր Ուորեն-Գրինը: Նա այս տարի ղեկավարել է Անգլիայի արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի պսակադրման արարողությանը մասնակցած նվագախումը: Բոլոր օտարերկրյա երաժիշտները անցկացնելու են վարպետության դասընթացներ:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը: Փառատոնին սպասվում են հայ կոմպոզիտերների ստեղծագործությունների պրեմիերաներ:

Թոփչյանի խոսքով փառատոնի նպատակն է յուրաքանչյուր համերգով երաժշտական տոն ստեղծել և արվեստ ցուցադրել:

Փառաոնը նվիրվելու է ՀՀ անկախության 20-ամյակին և նվագախմբի 85-ամյա հոբելյանին և անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---