Կաթողիկոսը Արգենտինայի և Հայաստանի Մխիթարյան վարժարանների սաներին հիշեցրել է մայրենի լեզվի կարևորության մասին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայի և Հայաստանի Մխիթարյան վարժարանների սաներին` ուղեկցությամբ Հայաստանի Մխիթարյան վարժարանի տնօրեն Հ. Սերովբե վարդապետ Չամբուրլյանի:

Հանդիպման այս առիթն ընձեռելու և ջերմ ընդունելության համար Հայր Սուրբը սաների անունից իր շնորհակալական խոսքն է ուղղել Վեհափառ Հայրապետին:

«Դյուրին չէ հոգևոր-կրոնական հաստատության մեջ ուսանելը, շատ զոհողություններ են պահանջվում անձից, ուստի անհրաժեշտ է, որ դուք հիմա ձեր անձը լավ կրթեք, լավ դաստիարակեք, որպեսզի պատրաստ լինեք ապագա ծառայությանը», - նշել է Վեհափառ Հայրապետը` մաղթելով սաներին լավ սովորել և արժանավոր զավակներ դառնալ հայոց ազգի և Հայրենիքի համար: Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավորապես պատգամել է պատանիներին լավ սերտել մայրենի լեզուն` նշելով, որ լեզուն բանալին է հայի ինքնության և որի շնորհիվ է միայն հնարավոր հայոց պամության ու մեր հայրերի թողած ժառանգության յուրացումը, նրանց արժեքներով կրթվելն ու դաստիարակվելը:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը հայրական իր օրհնություն է բերել վարժարանների սաներին, ինչպես նաև իր գնահատանքի խոսքը` Հայր Սերովբեին իր նվիրյալ ծառայության համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---