Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանել է Հայաստան Անկախության 20-ամյակի միջոցառումներին մասնացելու նպատակով

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանել է Հայաստան Անկախության 20-ամյակի միջոցառումներին մասնացելու նպատակով

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ի երեկոյան, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, ով ժամանել է Հայաստան` Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ մասնակցելու ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներին:

Միածնաէջ տաճարի զանգերի ղողանջների ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Վեհարանից առաջնորդվել են Մայր Տաճար, ուր Իջման Սուրբ սեղանի առջև կատարվել է գոհաբանական աղոթք:

Անդրադառնալով Հայրենիքի անկախությանը` Նորին Սրբությունը նշել է. «Մեր Եկեղեցին դարերի մեջ միշտ էլ սնուցել է ազատության ոգին ու գաղափարը մեր զավակներին, վառ է պահել նրանց հոգիներում հայոց պետականության ձգտումը, և փառք ենք տալիս Աստծուն, որ այսօր այն իրականություն է դարձել և, որ մեր Եկեղեցին կանգնած է այս ձեռքբերումների ակունքներում: Այսօր մենք ձեզ հետ միասին մեր ներկայությամբ վկայություն ենք բերելու, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին շարունակելու է իր զորակցությունն իր հայրենի պետությանը իր բարի իրագործումներում հայրենի մեր ժողովրդի համար, ինչպես և աշխարհասփյուռ մեր զավակների համար օրհնյալ, աստվածահաճո, բարօր կյանքի կերտման աշխատանքներում»:

Անդրադառնալով ՀՀ անկախության 20-ամյակին` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ընդգծել է՝ Հայ Եկեղեցին իր գործուն և հանձնառու մասնակցությունն է բերել Հայաստանի անկախության կերտման, Հայաստանի անկախության ամրապնդման ու հայ ժողովրդի բարօրության համար:

Բարիգալստյան արարողությունն ավարտվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ ու միասնական տերունական աղոթքով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---