Երևանը անկախության 20-ամյակը կդիմավորի նորովի լուսավորված ու գունազարդված

Երևանը անկախության 20-ամյակը կդիմավորի նորովի լուսավորված ու գունազարդված

PanARMENIAN.Net - ՀՀ անկախության 20-ամյակի և «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները մայրաքաղաքը կդիմավորի լուսային նոր, ժամանակակից լուծումներով հագեցած հանդերձանքով։ Երևանի քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքի արտաքին և գեղարվեստական լուսավորության ապահովման նպատակով լուսավորվել են պատմաճարտարապետական, մշակութային արժեք ներկայացնող շենքերը։

Քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքի բնակչությանն ու հյուրերին գունային նոր լուծումներով լուսավորությամբ են ներկայանում Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի, Հովհ. Թումանյանի տուն– թանգարանի, Մատենադարանի, ինչպես նաև Պարոնյան փողոցի թ. 1, Գրիգոր Լուսավորիչ թ.12, Մաշտոց պողոտայի թթ. 3, 4 հասցեներում գտնվող շենքերը:

Լուսավորվել է մայրաքաղաքի 34 արձան։ Ժամանակակից գեղագիտական լուսավորությամբ են զարդարվել նաև Հաղթանակի և Կիևյան կամուրջները։ Հատուկ լուսավորություն է անցկացվել Հրազդանի կիրճում։ Մյասնիկյան պողոտայի ժայռային բարձունքի 2 հատվածներ նույնպես լուսավորված են:

Հանրապետության գլխավոր հեռուստաաշտարակի լուսավորման համար տեղադրվել է ժամանակակից, էներգախնայող 320 LED գունավոր լուսատու` 19 կվտ/ժամ հազորությամբ: Ռելիեֆային լուսավորությամբ այդ լուսարձակները կարող են ապահովել մինչև 16 միլիոն գունային երանգ:

Լուսային նոր հանդերձանք է հագել նաև Հանրապետության հրապարակը, ուր նախատեսված է անցկացնել տոնական գլխավոր միջոցառումները։ Այստեղ ավելի վառ և պայծառ լուսավորություն ապահովելու համար լուսատու 40 սյուները փոխվել են նոր, կրկնակի հզորություն ունեցող լուսարձակներով: Բոլոր աշխատանքներն իրականացրել են հայ մասնագետները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---