Անկախության 20-ամյակ. Հրշեջ-մեքենաները շրջափակման մեջ

Անկախության 20-ամյակ. Հրշեջ-մեքենաները շրջափակման մեջ

PanARMENIAN.Net - Երեկ ազգովի նշում էինք Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը։ Հայերը տոնում էին ամենուր, սակայն ամենաճոխն ու հիշարժանը թերևս Երևանի կենտրոնական հրապարակի առավոտյան զորահանդեսն ու երեկոյան աննախադեպ շքեղ բեմադրությունն էր։ Ոստիկանությունը չի հաշվել Հանրապետության հրապարակում ներկաների թիվը, բայց 300-400 հազար մարդ հավանաբար կլիներ։ Նրանցից շատերը կենտրոն էին հասել անձնական մեքենաներով և կայանել էին որտեղ պատահի։

Արդյունքում՝ անմխիթար ու բառիս բուն իմաստով անելանելի վիճակ էր Սախարովի անվան հրապարակում։ Տասնյակ մեքենաներ էին կայանված, խցանված... Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների №8 հրշեջ-փրկարարական ջոկատի մեքենաները հայտնվել էին շրջափակման մեջ։ Անցորդներից ոմանք սարսափում էին այդ տեսարանից ու հարցնում՝ ի՞սկ եթե հրդեհ բռնկվի։ Հրդեհն իր հերթին ամենևին զարմանալի կամ տարօրինակ չէր թվա մարդկային այդչափ մեծ կուտակումների դեպքում։

Հրշեջ-փրկարարական №8 ջոկատից PanARMENIAN.Net ի թղթակցին ասացին, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ մեքենաների շրջափակման մեջ լինելու մասին իրենք հաղորդել են կենտրոնական կայան. «Եթե հրդեհ լիներ, այլ կայաններից մեքենա կուղղարկեին այն մարելու»։

Պատասխանը մի քիչ հուսադրող ու հանգստացնող է, սակայն չի կարող բավարար լինել, քանի որ երեկվա գերծանրաբեռնված երթևեկության պայմաններում Երևանի այլ թաղամասերից կենտրոն հասնելը ժամանակատար ու բարդ կլիներ։ Թերևս պետք էր ավելի հեռատես լինել ու թույլ չտալ կայանումը կամ ընդհանրապես մեքենաների մուտքը այդ տարածք, իսկ հրշեջ մեքենաներն էլ կարելի էր բաշխել կենտրոնական փողոցներում։ Բարեբախտաբար, երեկ Կենտրոնում հրդեհի դեպք չի գրանցվել։

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---