Հայաստանի նախագահը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 66-րդ նստաշրջանին

Հայաստանի նախագահը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 66-րդ նստաշրջանին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 66-րդ նստաշրջանում: Իր խոսքում ՀՀ նախագահը, մասնավորապես, ասել է. «Մենք բարձր ենք գնահատում համաշխարհային և տարածաշրջանային կառույցների ու կազմակերպությունների միջնորդական ջանքերն աշխարհի տարբեր մասերում խաղաղության և անվտանգության պահպանման, խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտությունների կարգավորման գործում: Այս առումով մեզ համար ակնառու օրինակ է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակա¬մարտության կարգավորման հարցում: Երեք տարի առաջ, պատիվ ունենալով խոսելու այս ամբիոնից, ես նշել էի, որ ժամանակն է եկել լուրջ անդրադարձ կատարելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացմանը 21-րդ հարյուրամյակի պայմաններում: Այսօր մենք ականատես ենք այս անքակտելի իրավունքի իրացման նոր օրինակների. ցանկանում եմ շնորհավորել Միավորված ազգերի կազմակերպության նորընտիր՝ 193-րդ անդամին՝ Հարավային Սուդանի Հանրա¬պետությանը: Հարավային Սուդանի ժողովուրդն ազատ կամարտա¬հայ¬տությամբ իրականացրեց ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը: Միևնույն ընտրությունը երկու տասնամյակ առաջ կատարել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը` իրականացնելով ինքնորոշման իր իրավունքը, դիմակայելով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և արյան գնով նվաճելով իր ազատ ապրելու իրավունքը:

Փոխհամաձայնության հասնելու Ադրբեջանի ցանկության բացակայու¬թյունը, նրա որդեգրած «ամեն ինչ կամ պատերազմ» կեցվածքը թույլ չեն տալիս առաջընթաց արձանագրել բանակցություններում: Բաքուն հայատյացությունը դարձրել է պետական քարոզչություն` հասցնելով այն առավել քան վտանգավոր մակարդակի: Սա միայն մեր գնահատականը չէ. այս մասին ահազանգում են նաև ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի միջազգային մասնագիտացված կառույցները: Սակայն Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու և վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված միջազգային հանրության շարունակական առաջարկները:

Ավելին, Ադրբեջանի կողմից այսօր հնչող ռազմատենչ հռետորաբանու¬թյունն ու պատերազմի սպառնալիքները սաստկացել են, հաճախակի են դարձել զինադադարի ռեժիմի խախտումները, որոնք շարունակում են անմեղ մարդկանց կյանքեր խլել: Եվ դա արվում է պետական ամենաբարձր մակարդակով: Հայատյացության դրսևորումների վտանգավոր աճը ոչ միայն չի կարող նպաստել տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձևավորմանը, այլ հարց է առաջացնում` մի՞թե այսպես է այդ երկիրը հասկացել ՄԱԿ-ի նպատակները` «դրսևորել հանդուրժողականություն, ապրել խաղաղության մեջ միմյանց կողքին»: Նման ըմբռնումով ոչ միայն անթույլատրելի, այլ նույնիսկ վտանգավոր է հավակնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամությանը:

Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործած ցեղասպա¬նությունը ճանաչվել և դատապարտվել է բազմաթիվ երկրների, խորհրդա¬րանների, միջազգային կառույցների, ցեղասպանագետների հանրության կողմից: Ինչը, ցավոք, չենք կարող ասել Թուրքիայի Հանրապետության մասին, որը շարունակում է վարել մարդկության հանդեպ իրականացրած այս ոճրագոր¬ծության ժխտման քաղաքականություն: Հայաստանը շարունակելու է գործադրել իր ողջ կարողությունները ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման նպատակով:

2008 թվականին այս նույն ամբիոնից հույս էի հայտնել, որ մեր կողմից նախաձեռնած Հայաստան­Թուրքիա կարգավորման գործընթացը և որպես առաջին քայլ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու Թուրքիայի կողմից միջազգային իրավունքին անհարիր կերպով փակված սահմանների բացումը հնարավորություն կընձեռեին սկսել երկխոսություն, վերացնել մեր մեջ առկա անվստահության, կասկածանքի և անորոշության մթնոլորտը: Եվ թեև մեր նախաձեռնությունը ողջունվեց ու լայն աջակցություն գտավ միջազգային հանրության կողմից, 2009 թվականին ստորագրված արձանագրությունների վավերացումն ու իրականացումն ամեն կերպ վիժեցվում են Թուրքիայի կողմից:

Ժամանակն է, որ մեր տարածաշրջանի երկրների առաջնորդները փորձեն վեր կանգնել նեղ քաղաքական օրակարգի թելադրանքից` գնալով լուծումների, որոնք ուղղված են սերունդների խաղաղ ու բարեկեցիկ ապագային:

Երկու օր առաջ Հայաստանի Հանրապետությունը նշեց իր 20-ամյա հոբելյանը: 1991 թվականի սեպտեմբերին Հայաստանը վերականգնեց իր անկախությունը` հասնելով հայ ժողովրդի երազանքի իրականացմանը և վերստին միանալով միավորված ազգերի ընտանիքին: Պատմության տեսանկյունից 20 տարին գուցե և փոքր ժամանակահատված է, սակայն ներկա սերնդի համար դա մեծ փոփոխությունների, անկախ պետականության կայացման և աշխարհում իր տեղի ու դերի ընկալման խորհուրդն է ունեցել: Օգտվելով առիթից` այս բարձր ամբիոնից իմ երախտագիտության խոսքն եմ հղում բոլոր պետություններին, ժողովուրդներին ու անհատներին, ում օժանդակությունը վայելել ենք մեր 20-ամյա կայացման և պետականաշինության ճանապարհին:

Ուղիղ մեկ տասնամյակ առաջ Միավորված ազգերի կազմակերպության նստավայր Նյու Յորքը տեսավ մարդկության պատմության մեջ ամենադաժան բռնություններից մեկը` 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը: Հայաստանն անվերապահ սատարում է և իր գործուն մասնակցությունն է բերում միջազգային հանրության հակաահաբեկչական պայքարին, ՄԱԿ-ի բոլոր նախաձեռնու-թյուններին, անում և պատրաստ է անել առավելագույնը, որպեսզի մեր աշխարհը դառնա առավել խաղաղ ու ապահով»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---