Եգիպտոսում գիտաժողովի առաջին 2 նիստերը նվիրված են եղել հայկական գրատպության ավանդույթին և պատմությանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Ալեքսանդրիայի հռչակավոր գրադարանում իր աշխատանքներն է սկսել «Մերձավոր Արևելքի երկրներում և լեզուներով տպագրության և հրատարակության պատմությունը» թեմայով միջազգային 4-րդ գիտաժողովը, որին մասնակցում են 75 մասնագետներ` ժամանած աշխարհի մոտ 20 երկրներից, այդ թվում` Եգիպտոսից, Հայաստանից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Կանադայից, Թուրքիայից, Ադրբեջանից և այլ երկրներից:

Հաշվի առնելով 2012թ. հայ գրատպության 500-ամյա հոբելյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հանգամանքը` գիտաժողովի շրջանակում Հայաստանին հատկացված էր պատվավոր հյուրի հատուկ կարգավիճակ:

Գիտաժողովի բացումը կատարեցին Ալեքսանդրիայի գրադարանի տնօրեն Իսմայիլ Սերագելդինը, Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը և տպագրությանը ու հրատարակչությանը նվիրված միջազգային գիտաժողովների շարքի հիմնադիր, մատենագետ պրոֆեսոր Ջեֆրի Ռոբերթսը:

Գիտաժողովի առաջին երկու ամբողջական նիստերը նվիրված էին հայկական գրատպության ավանդույթին և պատմությանը: Առաջին նիստում զեկույցներով հանդես են եկել Ե.Չարենցի գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կ. Վարդանյանը, «Գրանշան» տառատեսակների միջազգային մրցույթի կազմկոմիտեի համանախագահ Է.Ղաբուզյանը, Մատենադարանի գիտաշխատող Դ.Ղազարյանը, ինչպես նաև անվանի եգիպտացի հայագետ-ցեղասպանագետ Մոհամեդ Ռեֆաթ Էլ-Իմամը և Ալեքսանդրիայի գրադարանի գիտաշխատող, դոկտոր Մուստաֆա Էլ-Ռազզազը:

Եռօրյա գիտաժողովի շրջանակներում Ալեքսանդրիայի գրադարանում կազմակերպվել է նաև Հայաստանի երկու կարևորագույն գիտամշակութային հաստատությունների` Մատենադարանի ու Գրականության և արվեստի թանգարանի հարուստ հավաքածուներից ընտրված հայկական հնատիպ գրքերի բնօրինակների ցուցահանդես:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---