Դեղատներ ու բենզալցակայաններ թալանողներին մեղադրանք է առաջադրվել

Դեղատներ ու բենզալցակայաններ թալանողներին մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է թվով 4 անձանց կողմից ավազակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Դատախազությունից հայտնում են, որ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2011թ. ապրիլի 11-ից մինչև 2011թ. մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում Գ. Պետրոսյանը, անչափահասներ Ա. Մ.-ն, Ս. Գ.-ն և Ս. Ս.-ն նախնական համաձայնությամբ, զինված մահակով, դանակներով և ատրճանակով ավազակային հարձակումներ են գործել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջանների տարածքներում, ինչպես նաև Արմավիրի մարզում գտնվող բենզալցակայանների և մեկ դեղատան աշխատակիցների նկատմամբ, հափշտակել են զգալի չափերի գումարներ: Ընդհանուր առմամբ, բացահայտվել է վերոհիշյալ անձանց մասնակցությամբ ավազակային հարձակմամբ կատարված հափշտակության 9 դրվագ:

Քրեական գործով մասնավորապես պարզվել է, որ Գ. Պետրոսյանը, Ա. Մ.-ն, Ս. Գ.-ն և Ս. Ս.-ն կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ, այն է` ատրճանակի և դանակի գործադրման սպառնալիքով, ավազակային հարձակում են գործել «ՍՊՍ» ՍՊ ընկերությանը պատկանող թվով 4 բենզալցակայանների` Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Երևանյան 86, Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան 54, Լենինգրադյան 31/1, Թբիլիսյան 1 հասցեներում գործող բենզալցակայանների, ինչպես նաև` Սեբաստիա 37/2 հասցեում գործող «Գուշ», Հասրաթյան 9/2 հասցեում գտնվող «Կամօյլ», Շիրազի 51 հասցեում գտնվող «Տիգրան Գրիգորյան և ընկերներ» ՍՊ ընկերությաններին պատկանող բենզալցակայանների և Ռուբինյանց 41/1 հասցեում գտնվող «Գոշ գազ» ՍՊ ընկերության գազալցակայանի աշխատակիցների վրա: Նրանք, հափշտակելով դրամ, տարբեր տեսակի ապրանքներ, դիմել են փախուստի:

Բացի այդ, Ա. Մարտիրոսյանը Ս. Գ.-ն և Ս. Ս.-ն հետ 2011թ. մայիսի 28-ին` ժամը 07:00-ի սահմաններում, ապօրինի կերպով մուտք են գործել Երևան քաղաքի Ֆուչիկ փողոցում գործող «Դանաֆարմ» ՍՊ ընկերության դեղատուն, ձայնագազային թմբուկավոր ատրճանակի գործադրման սպառնալիքով ավազակային հարձակում են գործել դեղատան աշխատակցի նկատմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս` կարճատև քայքայումով, ապա դրամարկղից գումար հափշտակելով` դիմել փախուստի:

Գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Ա. Մ.-ին, Ս. Գ.-ին և Գ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, իսկ Ս. Ս-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---