«Գառնի Սուրիկի լավաշ»-ի սեփականատերը հերքում է իր որդիների առնչությունը օրերս վնասազերծված հանցախմբին

«Գառնի Սուրիկի լավաշ»-ի սեփականատերը հերքում է իր որդիների առնչությունը օրերս վնասազերծված հանցախմբին

PanARMENIAN.Net - «Գառնի Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը, ում որդին՝ Արտյուշ Հակոբյանը, ձերբակալվել է օրերս վնասազերծված բանդայի գործով, հերքում է վերջինիս առնչությունը գործին: Հայկական մամուլում տեղ են գտել նրա խոստովանությունները, թե իր որդիներից ոչ մեկ կապ չունի հանցախմբի հետ, չնայած Ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունները այլ բան են ասում: «Իմ որդիները ընդհանրապես մեղավոր չեն, այդ բանդայում չկան»,- նշում է նա: Ձերբակալել են նաև Հակոբյանի կրտսեր որդուն, ում, գործարարի խոսքերով, ծեծել են, և նա ուղեղի ցնցում է ստացել: Ձերբակալվածների շարքում է նաև Արտուշ Հակոբյանի կինը՝ Մարինա Գորգաձեն, ում, ըստ տեղեկությունների, հետախուզում է Վրաստանի Ոստիկանությունը:

Ըստ Սուրիկ Հակոբյանի, այս բոլոր մեղադրանքները վրեժի հետ են կապված: «Այսօր Հայաստանը բռնապետական երկիր է: Հիմա իմ բիզնեսին են սկսել վնաս տալ, խանգարում են: Խանութներին ասում են, որ Սուրիկի հացից չընդունեք: Իմ բիզնեսի դեմ են աշխատում»,- նշել է նա «Հայկական ժամանակ»-ին: Նա նաև նշել է, որ ոստիկանապես Ալիկ Սարգսյանը իր բարեկամն է՝ հորեղբոր տղայի մորաքրոջ որդին է, սակայն նա չի կարողանում նրան մոտենալ: «Ես ինքս գնալու եմ Ալիկ Սարգսյանի մոտ ընդունելության, եթե ընդունի, ես ինքս իրան առերես կասեմ ամեն ինչ»,- շեշտել է նա:

Սեպտեմբերի 23-ին Մյասինկյան պողոտայում ոստիկանությունը ձեռնարկել էր օպերատիվ միջոցառում, որի արդյունքում վնասազերծվել էր ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող ավազակախումբ։ Սա ամենայն հավանականությամբ այն նույն բանդան է, որի մասին Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը օգոստոսի 23-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել էր. «Մայրաքաղաքում գործում է կայուն, զինված բանդա, որի բացահայտումը պետք է լինի առաջնային նպատակ»։ Ավազակախմբի անդամները զինված մտնում էին տները, կապկպում տան անդամներին և թալանում։ Չնայած Ոստիկանության պաշտոնական հայտարարությանը՝ առավոտվանից լուրեր են շրջանառվում ԶԼՄ-ներում, որ վնասազերծված խմբում կան պաշտոնատար անձանց որդիներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---