Երևանում ներկայացվել է ՀԲ «Ռիսկի կառավարումը հարկային վարչարարությունում» գիրքը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին Երևանում տեղի է ունեցել «Ռիսկի կառավարումը հարկային վարչարարությունում՝ հասկացություններ և երկրների փորձ» գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է տեսել Մունավեր Սուլթան Կվաժայի, Ռաուլ Ավաստիի և Յան Լոպրիկի խմբագրությամբ Վաշինգտոնում:

«Գրքում ներկայացվել են այն հիմնական ուղղություններն ու հասկացությունները, որոնց օգնությամբ իրականացվում են հարկային ստուգումները ռիսկերի գնահատման համակարգի հիման վրա, ինչպես նաև զարգացած ու զարգացող երկրների փորձը, որտեղ այդ համակարգն արդեն կայացել է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԲ պետական հատվածի ավագ մասնագետ Մունավեր Սուլթան Կվաժան: Ըստ նրա, համակարգը ենթադրում է, որ ստուգումների ուշադրության կենտրոնում պետք է հայտնվեն անպարտաճանաչ հարկ վճարողները: Ինչպես նշել է ՀԲ մասնագետը, հատկանշական է, որ երբ կիրառվում է ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգը, ձեռնարկատերերն իրենք են ձգտում թափանցիկ աշխատել, ներգրավվելու համար նվազագույն ռսիկերով խմբերում: «Այդ համակարգի ներդրումից շահում է ինչպես պետությունը, այնպես էլ հարկատուն»,-հավելել է նա:

Մասնագետը վերջին 5 տարիներին աշխատում է Հայաստանում հարկային բարեփոխումների ոլորտում և այդ ընթացքում, ըստ նրա, երկրում զգալի առաջընթաց է գրանցվել: «Եթե դեռ 5 տարի առաջ հարկային հաշվետվությունը գործարարները հանձնում էին ձեռքից ձեռք, ապա այսօր դա արվում է էլեկտրոնային տեսքով»,-ասել է նա: Բացի այդ, Կվաժան կարևորել է հարկային բարեփոխումների իրականացումը լավագույն համաշխարհային փորձի կիրառմամբ, այդ թվում ռիսկերի գնահատման հիման վրա հարկային ստուգումների համակարգի ներմուծումը, ինչը մտադիր է անել ՀՀ Պետեկամուտների կոմիտեն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---