Լարիսա Ալավերդյանը դեռ չի հոգնել իշխանությանը կրպակների ապամոնտաժումը դադարեցնելու կոչ անելուց

Լարիսա Ալավերդյանը դեռ չի հոգնել իշխանությանը կրպակների ապամոնտաժումը դադարեցնելու կոչ անելուց

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը տարածել է խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի հայտարարությունը, որում պատգամավորն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող «հակասահմանադրական գործընթացին»` Երևանում տարիներ շարունակ օրինական գործող կրպակների ապամոնտաժում։ Ըստ պատգամավորի՝ դա պարտադրում է քաղաքացիներին արտագաղթի, առնվազն իրենց ընտանիքների համար անհրաժեշտ միջոցներ վաստակելու նպատակով:

«Այդ գործողությունները կատարվում են ապօրինի մեթոդներով, հոգեբանական և ֆիզիկական ճնշումների կիրառմամբ: Այս ամենը քողարկվում է հատվածական հիմնավորմամբ, մասնավորապես` կրպակատերերի պայմանագրերի ժամկետների ավարտման փաստով: Նախ և առաջ նշենք, որ անօրինական գործողությունների կիրառումը տեղի է ունեցել նաև այն կրպակատերերի նկատմամբ, որոնց պայմանագրերը դեռ ուժի մեջ են»,- նշել է պատգամավորը։

Նա հավելել է, որ անգամ այն դեպքերում, երբ պայմանագրի ժամկետը ավարտված է, քաղաքապետարանը պարտավոր է նախևառաջ ապահովել սահմանադրության 3-րդ հոդվածով նշված «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները», այդ թվում` «Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու» և «Ընտանիքի համար բավարար կենսամակարդակի բարելավման» (ՀՀ Սահմանադրութուն, Հոդված 34) իրավունքները:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը Երևանի քաղաքապետարանից և բոլոր պատկան պետական մարմիններից պահանջում է անհապաղ դադարեցնել հակասահմանադրական և ուղղակի կամայական բնույթ կրող գործողությունները, այլ օրենքներով նախատեսված սահմանափակումները իրականացնել բացառապես Սահմանադրության շրջանակներում` տրամադրելով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու երկկողմանի համաձայնեցված այլընտրանքային տարբերակ և դրանով իսկ վերջ տալ պարտադրված արտագաղթի խթանմանն ուղղված քաղաքականությանը:

«Ժողովրդին է պատկանում իշխանությունը: Հայաստանի Հանրապետոևթյան Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն` «Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»,- ասվում է Լարիսա Ալավերդյանի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---