Հայաստանի Ամերիկյան համալսարանն էլ է 20 տարեկան

Հայաստանի Ամերիկյան համալսարանն էլ է 20 տարեկան

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 30-ին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ մասնակցել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Կառավարությունից հայտնում են, որ շնորհավորելով ներկաներին բուհի 20-րդ տարեդարձի առթիվ, վարչապետ Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Այն, որ մենք մեր պետության անկախության 20-ամյակը համադրում ենք Հայաստանի Ամերիկյան համալսարանի 20-ամյակի հետ, ունի հետևյալ խորհուրդը. ժամանակակից արագ փոփոխվող աշխարհում մեր անկախ պետականության ամրապնդման հիմնական գործիքը պետք է լինի գիտելիքը»:

Վարչապետը գոհունակություն է հայտնել առ այն, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանն ունի Միացյալ Նահանգների արտոնագիր, ինչը վկայում է, որ այն այսօր գործընթացներն իրականացնում է ԱՄՆ-ում ընդունված չափանիշներին համապատասխան: Ընդգծելով, որ տարածաշրջանում Հայաստանի Ամերիկյան համալսարանի առկայությունը մեր երկրի հարաբերական առավելություններից է, կառավարության ղեկավարն ասել է. «Մենք պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք համալսարանի գործառույթների ընդլայնման առումով` հասկանալով, որ ապագա մրցակցության մեջ մենք կարող ենք հաղթել` տաղանդաշատ երիտասարդներին կրթելով»:

Այնուհետև Տիգրան Սարգսյանը հանդիպել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հիմնադրման 20-ամյակի առթիվ և կրթության ու գիտության բնագավառներում ներդրած ակնառու ավանդի համար ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետի պրոֆեսոր, «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Յուրի Սարգսյանը պարգևատրվել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---