Ջութակահար Հրաչյա Ավանեսյանը և դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը կբացեն «Վերադարձի» փառատոնը

Ջութակահար Հրաչյա Ավանեսյանը և դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը կբացեն «Վերադարձի» փառատոնը

PanARMENIAN.Net - Ջութակահար Հրաչյա Ավանեսյանը Բելգիայից և դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը Գերմանիայից կբացեն «Վերադարձի» դասական երաժշտության 5-րդ փառատոնը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փառատոնի հիմնադիր, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի տնօրեն Մարիամ Շահինյանը: Նա նաև հավելեց, որ փառատոնի այս տարվա բոլոր մասնակիցները, բացի մեկ երաժիշտից, փառատոնին մասնակցելու են առաջին անգամ: Բացի դրանից, Ավանեսյանը և Խաչատուրյանը հանդես կգան նաև մենահամերգով: Փառատոնի ընթացքում սպասվում են 6 համերգներ:

Բացման համերգը կայանալու է հոկտեմբերի 4-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Աշոտ Խաչատուրյանը ներկայացնելու է Շոպենի 1-ին դաշնամութային կոնցերտը, իսկ Ավանեսյանը` Չայկովսկու ջութակի կոնցերտը: Համերգում հանդես է գալու նաև ակադեմիական թատրոնի նվագախումբը, որը այս համերգին ղեկավարելու է դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Փառատոնի հանդիսավոր փակումը կայանալու է հոկտեմբերի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Հրաչյա Ավանեսյանը ծնվել է 1986-ին: Սովորել է Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում (Արտաշես Մկրտչյանի դաս.): 2003-2008 թթ.սովորել է Բրյուսելի Թագավորական Կոնսերվատորիայում` (Իգոր Օյստրախի դաս.): 2007-ից ուսանում է Ավգուստին Դումեյի մոտ` Թագուհի Էլիզաբեթ Երաժշտական քոլեջում: Հրաչյան մի շարք հեղինակավոր մրցույթների հաղթող և առաջին մրցանակակիր է. այդ թվում` Յեհուդի Մենուհինի անվան մրցույթ (2006), Վիետանի անվան մրցույթ (2006), “Vibrarte” և “Luxemburg Young Soloists“ (2008) մրցույթները:

Աշոտ Խաչատուրյանը ծնվել է 1984-ին` երաժիշտների ընտանիքում: 5 տարեկան հասակից հաճախել է դաշնամուրի դասընթացների` Վալենտինա Նիկոլաևայի մոտ: 8 տարեկանում առաջին անգամ ելույթ է ունեցել նվագախմբի հետ` կատարելով Ջ.Գերշվինի «Երկնագույն ռապսոդիան» :Մոսկվայի Սիմֆոնիկ նվագախմբի հետ` Վալերի Պոլյանսկու ղեկավարությամբ, 10 տարեկանում հանդես է եկել որպես մենակատար:2001-ին Մոսկվայի Մեծ Թատրոնի բեմում հանդես է եկել Ս.Ռախմանինովի 2-րդ և 3-րդ կոնցերտների կատարմամբ` արժանանալով հանդիսատեսի և երաժշտագետների բարձր գնահատանքին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---