Հայաստանում դեմ չեն, որպեսզի ֆրանսիական ընկերությունները երկրում շատանան

PanARMENIAN.Net -

Հայաստանի իշխանությունները պատրաստ են «կանաչ լույս» վառել այն ֆրանսիական ընկերությունների առջև, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել հանրապետությունում: Այս մասին հոկտեմբերի 4-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը Հայ-ֆրանսիական գործարարության ակումբի (ՀՖԳԱ) բացման պաշտոնական արարողության շրջանակում հայտնել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա հաղորդել է, որ դեռևս մի քանի տարի առաջ Հայաստանում ֆրանսիական կապիտալով ընդամենը 70 ընկերություն կար, մինչդեռ այժմ այդ թիվը արդեն կազմում է 155: Ընդ որում, նախարարը հույս է հայտնել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների ընդլայնման շրջանակում այդ թիվը «մոտակա տարիներին կարող է կազմել 400, ինչու չէ նաև 500»:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն իր հերթին կարևորել է, որ գործարարները նման նշանակալից օր են ընտրել Հայ-ֆրանսիական գործարարության ակումբի բացման համար` Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարություններից հետո և Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի` Հայաստան կատարելիք այցի նախաշեմին: Դիվանագետը հավելել է, որ Ֆրանսիան Հայաստանում մեծությամբ երկրորդ ներդնողն է Ռուսաստանից հետո, իսկ Եվրոպայի շրջանակում` առաջին: «Գիտեմ, որ այն ընկերությունները, որոնք ժամանակին վճռեցին ներդրումներ կատարել Հայաստանում, չեն ափսոսում, ավելին` կարող են օրինակ ծառայել մյուսների համար»,- ընդգծել է նա:

Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը ստեղծվել է 2011թ. սեպտեմբերին, Հայաստանում ազգությամբ ֆրանսիացի, հայ և Ֆրանսահայ հիմնադիրների կողմից, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությանբ: Հայ-Ֆրանսիական գործարարության ակումբը հանդիսանում է հանդիպման վայր` մասնավորապես Ֆրանսիական մասնակցությամբ ձեռնարկությունների համար: Ակումբում կկազմակերպվեն թեմատիկ հանդիպումներ ու միջոցառումներ, կիրականացվեն զարգացման տարբեր ծրագրեր: Ակումբի առաքելությունն է առաջ տանել, աջակցել ու ամրապնդել ֆրանսիական գործարար համայնքը, առևտրատնտեսական հարաբերությունները, գիտատեխնիկական փոխանակումները Հայաստանի ու Ֆրանսիայի միջև:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---