Վանուշ Խանամիրյանի անունը հավերժ կմնա հայերի սրտերում և հայ արվեստի պատմության մեջ

Վանուշ Խանամիրյանի անունը հավերժ կմնա հայերի սրտերում և հայ արվեստի պատմության մեջ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 6-ին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ, hայ պարարվեստի երախտավոր Վանուշ Խանամիրյանի մահվան կապակցությամբ:

Վանուշ Խանամիրյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին, ինչպես նաև նրա բարձր արվեստի բոլոր երկրպագուներին ուղղված հանրապետության ղեկավարի ցավակցական հեռագրում ասվում է. «Վանուշ Խանամիրյանը մեր մշակույթի այն գործիչներից է, ով նշանակալի ներդրում է ունեցել հայ արվեստի զարգացման և այն աշխարհում ճանաչելի դարձնելու գործում: Նրա անզուգական կատարումները բարձր են գնահատվել թե՛ մասնագետների, թե՛ նրանով հիացող հազարավոր հանդիսատեսների կողմից: Նա արժանիորեն վայելում էր մեծ ժողովրդականություն և իր ուրույն ավանդն էր բերում և՛ որպես մշակույթի կազմակերպիչ, և՛ իր հայրենանվեր, քաղաքացիական դիրքորոշմամբ: Վանուշ Խանամիրյանի անունը և վառ կերպարը հավերժ կմնան մեր սրտերում և հայ արվեստի պատմության մեջ»:

Հոկտեմբերի 5-ին 84 տարեկան հասակում մահացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը: Օգոստոսի սկզբին հայ պարարվեստի լեգենդը սրտանոթային համակարգի լուրջ խնդիրներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ բուժման կուրս էր անցել: Խանամիրյանը երկար տարիներ Պարի պետական համույթի մենակատարն էր, այնուհետև` գեղարվեստական ղեկավարը, Հայաստանի պարային արվեստների գործիչների միության նախագահը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---