«Նաիրի» կինոթատրոնը նորից գործում է. Այնտեղ կցուցադրվեն հայկական և խորհրդային դասական ֆիլմեր

«Նաիրի» կինոթատրոնը նորից գործում է.  Այնտեղ կցուցադրվեն հայկական և խորհրդային դասական ֆիլմեր

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին վերագործարկվեց «Նաիրի» կինոթատրոնը։ Կինոթատրոնի վերաբացումը Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությունն է` «Օրանժ Արմենիա» ընկերության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Կինոթատրոնում ամեն օր կլինի 6 սեանս, որոնցից երեքի` առավոտյան սեանսների ժամանակ ցուցադրվելու են անիմացիաներ, խաղարկային ֆիլմեր և հայկական դասական ֆիլմեր դպրոցականների և մանուկների համար, իսկ մյուս երեքի` ցերեկային սեանսների ժամանակ` խորհրդային և արտասահմանյան դասական ֆիլմեր, կրկին հայկական ֆիլմեր և նոր ֆիլմեր։

231 նստատեղ ունեցող «Նաիրի» կինոթատրոնի դահլիճը վարձակալում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ Կինոկենտրոնի մամլո քարտուղար Ռուզաննա Բագրատունյանը տեղեկացրեց PanARMENIAN.Net ի թղթակցին, որ առավոտյան սեանսները անվճար են դպրոցականների համար աբոնենտային պայմաններով, որն աջակցում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, իսկ երեկոյան սեանսները 500-ից 1000 դրամ են լինելու։

Ռուզաննա Բագրատունյանի խոսքով` կինոթատրոնում սարսափ, մարտաֆիլմ և նմանատիպ այլ ժանրերի ֆիլմեր չեն ցուցադրվելու։

«Նաիրի» կինոթատրոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը։ «Նաիրին կաշխատի այնպես, ինչպես նախկինում է եղել, այն կդառնա քաղաքի սիրելի կինոթատրոնը։ Կինոթատրոնի միջոցով մեր քաղաքը կդառնա առավել մշակութային։ Մեր նպատակն է այն դարձնել կինոմշակութային կենտրոն, որտեղ յուրաքանչյուրը կկարողանա դիտել, շփվել կինոյի վարպետների աշխատանքներին»,- ասաց նա։

Բացմանը ներկա էին նաև «Օրանժ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Բրունո Դյութուան, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։

«Նաիրի» կինոթատրոնն ունի նաև Facebook-յան խումբ, որտեղ կարելի է ծանոթանալ ցուցադրումների օրակարգին։

«Նաիրի»-ն Երևանի ամենահին կինոթատրոնն է, որը 1920-50-ականթվականներին գտնվել է Ամիրյան փողոցում։ Կինոթատրոնն ունեցել է փակ և բաց` ամառային դահլիճ, որտեղ ցուցադրվել է հայկական առաջին ֆիլմը` «Զարե»-ն։

1952 – 1954 թվականներին կինոթատրոնը տեղափոխվել է Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում Ալ. Թամանյանի (այնուհետև նրա որդի Գ. Թամանյանի) նախագծով կառուցված նոր շենք։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---