«Ոսկե շերեփ» փառատոնի արդյունքում ստեղծվեց Հայ խոհարարների համահայկական ընկերակցություն

«Ոսկե շերեփ» փառատոնի արդյունքում ստեղծվեց Հայ  խոհարարների համահայկական ընկերակցություն

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Հայ-ֆրանսիական մասնագիտական ուսումնական կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարարության, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության և «Հայ-ֆրանսիական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Ոսկե շերեփ» հայկական ճաշատեսակների փառատոն:

Փառատոնի նպատակը հայկական ավանդական խոհանոցի պահպանումն ու տարածումն է, Սփյուռքում գործող հայկական խոհարարական դպրոցների և խոհարարների մասնագիտական հմտությունների փոխադարձ ճանաչումը և փոխանակումը, համահայկական խոհարարական ընկերակցության ստեղծումը:

Խոհարարական մրցույթին մասնակցեցին վարպետ խոհարարներ ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Մեծ Բրիտանիայից, Իրանից, Լիբանանից և Հայաստանից: Խոհարարները պատրաստեցին աղցան, տոլմա, գառան մսից կերակրատեսակ և ազատ ընտրությամբ մեկ կերակրատեսակ: Ութ հոգուց բաղկացած մրցութային հանձնաժողովը մրցութային աշխատանքները գնահատում էր` տեղյակ չլինելով, թե որ մասնակիցն է այն պատրաստել: Աշխատանքները ներկայացնելու համար մասնակից խոհարարներին տրվեց 60 րոպե` տեղում դրանք պատրաստելու, ձևավորելու և ներկայացնելու համար:

Մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո բացարձակ հաղթող ճանաչված մասնակցին, ինչպես նաև չորս անվանակարգերում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասակիցներին հուշանվերներ հանձնեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Փառատոնի մասնակիցները «Կոնգրես» հյուրանոցում մասնակցեցին Հայ խոհարարների համահայկական համաժողովին, որի արդյունքում ստեղծվեց «Հայ խոհարարների համահայկական ընկերակցություն»:

Համաժողովում քննարկվեցին և հաստատվեցին Հայ խոհարարների համահայկական ընկերակցության կանոնադրությունը, ձևավորվեցին ընկերակցության կառուցվածքային ստորաբաժանումներն ու համապատասխան կազմը, ընդունվեց համաժողովի ուղերձ-հայտարարությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---