Էդուարդ Թոփչյան. Կարող եմ հստակ ասել, որ Ցուկերմանը աշխարհի թիվ 1 ջութակահարն է

Էդուարդ Թոփչյան. Կարող եմ հստակ ասել, որ Ցուկերմանը աշխարհի թիվ 1 ջութակահարն է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին Երևանում կայանալիք Պինկաս Ցուկերմանի ելույթը բացառիկներից է լինելու, քանի որ նա հազվադեպ է ելույթ ունենում մեծ նվագախմբերի հետ, լրագրողներին ասաց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը: Ցուկերմանը ելույթ է ունենալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որը կղեկավարի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Թոփչյանը իր հերթին ավելացրեց, որ Ցուկերմանին վստահաբար կարելի է անվանել աշխարհի թիվ 1 ջութակահար: Համերգում հնչելու են Ջուզեպպե Վերդիի Նախերգանքը «Ճակատագրի ուժը» օպերայից, Մաքս Բրուխի Ջութակի կենցերտ թիվ 1-ը և Պյոտր Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիան: Թոփչյանի խոսքով Ցուկերմանն ընտրել է Բրուխի կոնցերտը, իսկ մյուս ստեղծագործություններն ընտրել է ինքը:

Համերգը կայանալու է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում:

Ցուկերմանը ծնվել է Թել Ավիվում, ուսանել Ջուլիարդի դպրոցում՝ Իվան Գալամյանի դասարանում։ Նա վարում է կատարողական վարպետության ծրագիր Մանհեթենի երաժշտանոցում, ղեկավարում է մի շարք հեղինակավոր նվագախմբեր, իսկ 2009 թ֊.՝ նաև Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորն է։ Իբրև կամերային երաժիշտ նա հանդես է եկել Դանիել Բարենբոյմի, Վլադիմիր Աշկենազիի, Իտցաք Պերլմանի, Օրիոն և Տոկիո լարային քառյակների, Ռալֆ Կիրշբաումի, Եֆիմ Բրոնֆմանի, Ժակլին դյու Պրեի և կատարողական արվեստի այլ վարպետների հետ։ Պինկաս Ցուկերմանի կատարումները հնչում են հոլիվուդյան բազմաթիվ ֆիլմերում։ Վերջերս էլ նա վարել է Grammy մրցանակաբաշխությունը: Մեծ երաժիշտը Հայաստանում ելույթ է ունեցել նաև անցած տարի` նույն փառատոնի շրջանակում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---