Ամենայն Հայոց կաթողիկոսը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտքեր են փոխանակել ղարաբաղյան կարգավորման շուրջ

Ամենայն Հայոց կաթողիկոսը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները  մտքեր են փոխանակել ղարաբաղյան կարգավորման շուրջ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ընդունել է Հայաստան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, հայտնում է Մայր Աթոռի մամլո ծառայությունը:

Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` իրենց ներդրած ջանքերի համար` ի խնդիր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման: Այնուհետև Վեհափառ Հայրապետը ներկայացրեց Հայոց եկեղեցու ներգրավվածությունը և ներդրումը տարածաշրջանում խաղաղության և համերաշխության մթնոլորտի ձևավորման գործընթացում: Նորին Սրբությունը տեղեկացրեց Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդությամբ պարբերաբար տեղի ունեցող` տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ և քառակողմ հանդիպումների մասին, որոնց արդյունքում Ռուս Եկեղեցու պատրիարքը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Վրաց Եկեղեցու հովվապետը և Ադրբեջանի հոգևոր առաջնորդը խաղաղության և համերաշխության համատեղ կոչեր են հղում տարածաշրջանի ժողովուրդներին: Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտնեց նաև, որ նոյեմբերի վերջին Հայաստանում կայանալիք ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նախագահության ժողովի առիթով ևս տեղի կունենա նման հանդիպում:

«Մենք լավատես ենք, որովհետև խաղաղությունը, հաշտությունը և համերաշխությունն այլընտրանք չունեն», - նշել է Գարեգին Երկրորդը՝ մաղթելով, որ խաղաղությունն ամենուր ուղեկից լինի մարդկային կյանքին:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը և հյուրերը մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---