Ֆրանսիայում «Հայաստան-Հայաստաններ. հողը, սփյուռքը, գրականությունները» թեմայով մի շարք միջոցառումներ կայացան

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ից 21-ը Ֆրանսիայում տեղի ունեցավ հայ գրականությանը, հայկական մշակույթին, հայոց պատմությանը, Հայաստանի ու սփյուռքի հայությանն հուզող արդիական խնդիրներին նվիրված միջոցառումների շարք «Հայաստան-Հայաստաններ. հողը, սփյուռքը, գրականությունները» ընդհանուր խորագրի ներքո: Միջոցառումն անցկացվում էր Ֆրանսիայի կառավարության անմիջական աջակցությամբ և նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Միջոցառման նախաձեռնողն ու իրականացնողն էր Ֆրանսիայի Գրքի Ազգային Կենտրոնը - ԳԱԿ (Centre National du Livre - CNL)` վերջինիս նախագահ Ժան-Ֆրանսուա Կոլոսիմոյի ակտիվ ներգրավվածությամբ:

Դեռևս 2011թ. սկզբին Գրքի Ազգային Կենտրոնը Հայաստանը ներկայացնող տարբեր գրական սերունդների վեց ներկայացուցիչներ էր ընտրել միջոցառումներին մասնակցելու համար` Հովհաննես Գրիգորյան, Հենրիկ Էդոյան, Վահրամ Մարտիրոսյան, Վիոլետ Գրիգորյան, Շուշանիկ Թամրազյան, Կարեն Անտաշյան:

Սփյուռքահայ գրականությունը ներկայացված էր հայագիր և օտարագիր գրողներով: Միջոցառմանը հատուկ հրավիրյալի կարգավիճակով մասնակցում էր նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության դեսպանորդ, գրականագետ, գրող, թարգմանիչ Աշոտ Ալեքսանյանը:

Միջոցառումների շարքը մեկնարկեց Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Այնուհետև գրողական արշավախումբը, ֆրանսիացի գրչակիցների ու հրատարակիչների ուղեկցությամբ և հատուկ այդ նպատակի համար վարձված «Արևելյան ճեպընթաց» գնացքով ուղևորվեց Ավինյոն, Վալանս, Լիոն քաղաքներ, ուր նույնպես տեղի ունեցան գրական ու մշակութային միջոցառումներ, և վերջին հանգրվանը գտավ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:

Հոկտեմբերի 20-ին հրավիրյալ գրողների պատվին Փարիզում կազմակերպված համերգին մասնակցեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, ֆրանսիացի և ֆրանսահայ քաղաքական և մշակութային հայտնի գործիչներ: Իսկ հոկտեմբերի 21-ին Գրքի Ազգային Կենտրոնի փարիզյան կենտրոնակայանում տեղի ունեցավ Հայաստանին և աշխարհասփյուռ հայությանն հուզող պատմական և ժամանակակից խնդիրներին առնչվող քննարկումների շարք:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---