
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ռուսաստան խոսում է մեր հարաբերությունների շատ բարձր մակարդակի մասին»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում: Նա նշել է երկու պետությունների ղեկավարների միջև ակտիվ երկխոսությունը: Ինչպես ասել է Նալբանդյանը, վերջին տարիներին տեղի են ունեցել շուրջ 40 հանդիպումներ: «Երբ երկու երկրների ղեկավարները հանդիպում են 40 անգամ, նշանակում է` նրանք խոսելու շատ բան ունեն, ինչը բնական է դաշնակիցների միջև»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը և հավելել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունի պայմանագրաիրավական բազա: «Ստորագրվել են ավելի քան 200 համաձայնագրեր, մենք պատրաստում ենք նորերը, աշխատում ենք հների թարմացման վրա»,- ասել է նա և հավելել, որ Հայաստանի նախագահի Ռուսաստան կատարելիք այցի ժամանակ ստորագրվելու են 6-7 նոր փաստաթղթեր:
«Պետությունների միջև հարաբերությունները չեն կարող ամուր լինել, եթե խորը կապեր չկան ժողովուրդների միջև, եթե չկա համակրանք, մարդկանց միջև ջերմ հարաբերություններ»,- ասել է Նալբանդյանը: